Այսօր՝ մայիսի 7-ին՝ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով խոսակցություններին, թե՝ Կառավարությունից պահանջում են Սահմանադրության փոփոխություն, վարչապետը պատասխանեց, որ դա Հայաստանի ներքին հարցն է․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը արտաքին որևէ պարտավորության իրականացում չի խոչընդոտում։ Էլի ասում եմ՝ մենք խաղաղության պայմանագրի մեջ համաձայնեցված հոդված ունենք, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր օրենսդրությանը տվյալ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար։
Սահմանադրության հարցը կապ ունի ընդհանուր առմամբ այս սահիկի հետ (ցույց է տալիս ասուլիսի համար պատրաստված սահիկաշարը)։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրակարգը օտար է մեր ժողովրդին։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում Հանրապետությամբ հաստատված իրավակարգը մեր ժողովրդին օտար է։ Ես զգում եմ, որ օրենքը, օրինականությունը մեր ժողովրդի կողմից ընկալում է՝ որպես օտար բան։ Ժողովուրդը չունի զգացողություն, որ Հայաստանի Հանրապետությունում ապրելու կանոնները ինքն է իր համար որոշել, ինքը ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել»։
Վարչապետը ասաց, որ ինքը երկար ժամանակ մտածել է՝ որն է սրա պատճառը․ «Եկել եմ միանշանակ եզրակացության․ ժողովրդի խորը ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են, ինքը կողմ չի քվեարկել այդ Սահմանադրությանը, ինքը օրգանական կապ չունի այդ Սահմանադրության հետ, հետևաբար՝ մեր իրավակարգը բխում է այդ Սահմանադրությունից, այդ օտարությունը առաջանում է այդտեղից»։