Այսօր՝ մայիսի 7-ին, Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, լրագրողի հարցին, թե ընդդիմությունը քննարկո՞ւմ է մանդատները վայր դնելու հարցը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ պայմանը պետք է պայման մնա, և Նիկոլ Փաշինյանը դրանից հետո չպետք է մնա՝ որպես վարչապետի պաշտոնակատար․
«Չպետք է օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները՝ ընտրություններում ձայներ ապահովելու համա։ Տեսեք, ասում է՝ 2 անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, եղավ, հրաժարական է տվել, մնացել է վարչապետի պաշտոնակատար՝ նույն լծակներով։ Ի՞նչ տարբերություն հրաժարական է տվել, թե չի տվել։ Այդ մարդը իր թիմակիցների շրջանում 1 վստահելի մարդ չունի, որ ասի՝ առ կնիքը, գնա կառավարի։
Ընտրություններն, այո, արդար պետք է լինեն, իսկ արդարության ամենակարևոր և առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար։ Մենք նշում ենք, որ ժողովրդական պոռթկման բավական զանգվածի առկայությունը անհրաժեշտ է, որովհետև մանդատ դնելը, կամ նույնիսկ գործող մանդատներով սկսել անվստահության գործընթացը, կլինի ուղղակի գործընթաց՝ հանուն գործընթացի։ Իսկ պետք է լինի գործընթաց՝ հաջողության երաշխիքով կամ գոնե հաջողության երաշխիքի հավանականությամբ»։