ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով գլխավոր դատախազի տարեկան զեկույցին, նշեց, որ այսօր չպետք է լինի որևէ գերատեսչության և կառույցի ղեկավար, որը կտրված լինի «հայաստանյան և արցախյան իրողություններից»․
«Չենք տեսնում գնահատական ներպետական զարգացումների մասին, որոնք այսօր տիրում են թե երկրի ներսում, թե նաև սահմաններում։ Նկատի ունեմ՝ չկա որևէ խոսք այն կարևոր իրականության վերաբերյալ, որ տիրում է սահմանազատման, սահմանագծման կամ, ավելի ճիշտ, միակողմանի զիջումների ընթացքում պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման, տարածքային ամբողջականության դեմ իրականացվող առերևույթ հանցագործությունների, առանց որևէ իրավական հիմքի, միջազգային իրավագիտության և առաջավոր փորձի սկզբունքների խախտմամբ Հայաստանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածքների՝ թշնամուն հանձնելու վերաբերյալ տեղեկություններ»,- ասաց նա։
Օհանյանը Ռուբեն Ռուբինյանին կոչ արեց հետևել իր խոսքին․ «Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ դիմելուց անձանց չդիմել։ Ինձ համար էլ է ընդունելի, երբ ընդհանուր քննադատություն է արվում, բայց ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը, և դա է, որ մարդկանց հունից հանում է։ Սա բարեկրթության նորմերի մեջ չի մտնում»։