Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է 36-ամյա Բավական Սմբատի Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ամբաստանյալը մեղադրվում է շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու և վերջիններիս սեռական շահագործումը կազմակերպելու համար:
Նշված գործով կա 5 տուժող՝ 2-ը Երևանից, 2-ը՝ մարզերից, 1-ը՝ ԼՂՀ-ից:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բավական Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-132-րդ հոդվածների համաձայն:
34-րդ հոդվածը սահմանում է, որ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Ինչպես նաև 132-րդ հոդվածի համաձայն՝ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net