ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված իրավաբանական կրթության և հասարակության մեջ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներին:
Բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատող 2012 թվականի հունիսի 30-ին արձակված ՀՀ նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է, որ անհրաժեշտ է մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր, որը կարտացոլի իրավական համաուսուցման և կրթության նպատակների, խնդիրների, կազմակերպական ձևերի, բովանդակության և կառավարման հիմնահարցերի լուծմանն ուղղված խնդիրներն ու միջոցառումները, կրթության մեթոդաբանության և իրավագետ-մասնագետի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման ռազմավարությունը:
Արդարադատության ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթության նախատեսումն ու զարգացումը պետական և դատական համակարգի որոշ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից նույնպես պատշաճ ուշադրության արժանի խնդիրներ են:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմը հաստատվել է հաշվի առնելով անդամների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի 01/08.1/11988-13 թվակիր գրությամբ ներկայացված առաջարկները և հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց համաձայնությունը:
Իրավաբան.net