Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը օրինական է, պատճառաբանված և հիմնավորված։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ խոսելով իր պաշտպանյալի խափանման միջոցի դեմ ներկայացված, սակայն վարույթ չընդունված վճռաբեկ բողոքի մասին։
Հիշեցնենք՝ դատարանն մարտի 4-ին հրապարակել է Վերմիշյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության որոշումը։ Դատարանը որոշել էր ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը բավարարել մասնակի: Կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Համակցված կիրառվեց նաև գրավ՝ 25 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև երկրից բացակայելու արգելքով:
Հենց նույն օրը, մարտի 4-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից վճռաբեկ բողոք է ուղարկվել, որն անգամ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։
Կոչուբաևն ընդգծում է՝ խափանման միջոցի փոփոխման որոշումը դեռ մի բան էլ ուշացած է։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Չնայած առաջադրված մեղադրանքներին, փաստաբանները պնդում են, որ Վահագն Վերմիշյանն անմեղ է և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ակնկալում են արդարացման որոշում բոլոր դրվագներով։