«Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: 

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ 

Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը խոսելով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծել է, որ այն իրականացնելու որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` հավելելով, որ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ «Խաղաղության օրակարգն արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք` տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել