Հարվածներ է հասցրել աներոջը, քաշքշել է կնոջ մազերից, սպառնացել է սպանել․ մեղադրյալը դատարանի նիստերի դահլիճից ազատ է արձակվել

Գարեգին Ն․-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է աներոջ՝ Վ. Աթոյանի տուն, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նրա հետ, հնչեցրել հայհոյանքներ և վերջինիս նկատմամբ գործադրել ֆիզիկական բռնություն, այն է՝ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավորը Սաթենիկ Անդրեասյանն է։

Գարեգին Ն․-ի կնոջ՝ Մ. Սուքիասյանի հետ ընտանեկան համատեղ կյանքի ընթացքում ծագած անհաշտությունների պատճառով և օգտվելով այն հանգամանքից, որ վերջինս իր անօգնական վիճակի՝ սեռի, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու փաստերի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, 2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ անհիմն վիճաբանել է Մ.Սուքիասյանի հետ, որի ընթացքում բռնելով նրա մազերից քաշքշել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի ծառայողի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Գարեգին Ն․-ի՝ որպես ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում, ըստ որի՝ վերջինիս արգելվել է 150 մետր հեռավորությունից ավել մոտենալ բռնության ենթարկված անձին՝  Վ. Աթոյանին, 20 օր ժամկետով՝ նա հաստատապես տեղյակ լինելով, դեկտեմբերի 6-ին՝ ժամը 1:00-ի սահմաններում, խախտելով որոշման պահանջները, ալկոհոլի ազդեցության տակ գնացել է տուն, վիճաբանել կնոջ հոր՝ Վ. Աթոյանի հետ, սպառնացել, որ կայրի նրա տունը։

Նույն օրը նա գումարային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, և սպառնացել սպանել նրան։

Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի մեղադրյալ Գարեգին Ն․-ի նկատմամբ, դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.

-մեղադրյալի կատարած հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը (հանցանքներն ուղղված են ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության կարգի և արդարադատության շահերի դեմ), մեղադրյալի հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցավոր արարքի կատարման եղանակը և հանգամանքները,
-մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ Դատարանը չի արձանագրում:
-մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում կատարած հանցանքի համար զղջալը հանգամանքը (սույն հանգամանքը՝ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող գնահատելիս Դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով):

Դատարանը որոշել է  Գարեգին Ն․-ի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և վերջինիս ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:
Որպես խափանման միջոց է  ընտրվել բացակայելու մասին արգելքը, որը ենթակա է վերացման դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել