Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել

Մ․ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հուլիս ամսվա դրությամբ ծառայության մեջ գտնվելով ՊՆ զորամասում՝ որպես համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրանով պայմանավորված համալրման բաժանմունքում վարվող, պարտադիր ժամկետային զինծառայողների հաշվառման և զորացրման կապակցությամբ փաստաթղթերում անհրաժեշտ գրառումները ոչ պատշաճ կարգով իրականացնելու հետևանքով՝ իր ծառայողական պարտականությունները չի կատարել, որի արդյունքում ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հ․ Հարությունյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2023թ. հոկտեմբեր ամսվա փոխարեն, իսկ Վ․ Ավետիսյանը՝ 2023 թվականի մարտ ամսվա փոխարեն, զորացրվել են 2022 թվականի հուլիս ամսին՝ սահմանված ժամկետներից շուտ: Խախտվել է ՊՆ զորամասի համալրվածությունը, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավորը Դավիթ Սարգսյանն էր։

2024 թվականի ապրիլի 4-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 16-ին:

Դրանց ընթացքում մեղադրյալ Մ․ Թամրազյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները և պնդում է ներկայացված միջնորդությունը:

Հանրային մեղադրող Արկադի Մկրտչյանը հայտնել է, որ չի առարկում արագացված վարույթ կիրառելու դեմ:

Դատարանը բավարարել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը և անցել լրացուցիչ դատալսումների:

Ապրիլի 18-ին հրապարակված դատավճռով Մ․ Թամրազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 1-ին մասով (Զինվորական պաշտոնեական անփութությունը) նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել զինվորական ծառայության մեջ սահմանափակումը՝ 3  ամիս ժամկետով՝ դրամական բավարարման գումարի 10 տոկոսի պահումով:

Դատավճիռն օրինական ուժի մեջ կմտնի 1 ամիս անց։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել