«Թե բա խաղաղության խաչմերուկ»․ Վիգեն Սարգսյան

Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն, իսկ առավել հավանական է` այդ հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրության նախանշան:

Հայաստանն այսօր հասցվել է այնպիսի վիճակի, որ իրավահաջորդները, որոնք նախկինում ապրիլյան այս օրերին փորձում էին կամ լուռ մնալ, կամ լղոզված ուղերձներով մշուշել լրատվական դաշտն, այլևս անթաքույց պայմաններ և պահանջներ են թելադրում:

Մի պահ պատկերացրե՛ք աշխարհի արձագանքը, եթե Հոլոքոստի տարելիցին Գերմանիայի որևէ ղեկավար փորձեր քարոզներ կարդալ, առավել ևս` պահանջներ թելադրել Իսրայելին: Այսօր ուղերձներն ու հեռագրերն առոչինչ են, եթե չկա հնչող անբարտավան հայտարարություններին համաչափ արձագանք: Այդ արձագանքը Հայաստանի անվտանգությանն աջակցելու պատրաստակամության խոստումների նվազգույն փորձաշեմն է:

Անկախ նրանից, թե անվտանգության ապահովման ինչ ճարտարապետություն կորդեգրի Հայաստանն այսօր կամ ապագայում, մինչև Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ընդունումը, դատապարտումն ու մեղքի ճանաչումը, այդ հանցագործության րեցիդիվի կանխարգելումը պետք է մնա Հայաստանի ռազմավարական դոկտրինի առանցքում, քանի որ ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ` անվտանգային դաշտի իրական սպառնալիք է:

Թե բա խաղաղության խաչմերուկ…

Գարուն ա, ձյուն ա արել…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել