«Հարևանները խախտել են «թաց կետերի» սահմանագծերը․ թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները և ոստիկանության ծառայողները մուտք գործեն բնակարան»․ փաստաբան

Արդեն շուրջ կես տարուց ավել է, ինչ Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 4-րդ շենքի բնակիչ Տիգրան Քոչարյանը փորձեր է ձեռնարկում վերևի հարևանների ենթադրյալ ապօրինի շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ. դեռևս ապարդյուն:

Անտոն Սուֆիյարովն ու Եկենա Կուգինան, ձեռք են բերել վերևի հարկի բնակարանը, կիսել են այն երկու բնակարանի, հասցեներ են ստացել Երևանի քաղաքապետարանից և կատարում են շինարարական աշխատանքներ:

Iravaban.net-ի հետ զրույցում Տիգրան Քոչարյանը և նրա փաստաբան Ներսես Աղաբաբյանը նշեցին՝ ընթացող շինարարությունը հակասում է Հայաստանի տարածքում գործով նորմերին, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 31.03.2014թ. թիվ 93-Ն հրամանի հավելվածի 160-րդ կետին:

Նշված դրույթով՝ «թաց կետերը»՝ լոգարանները և զուգարանները, բազմաբնակարան շենքերում պետք է լինեն միմյանց վրա և չեն կարող կառուցվել բնակելի տարածության վերևում: Տիգրան Քոչարյանը պնդում է, որ տվյալ դեպքում իր հարևանները խախտել են «թաց կետերի» սահմանագծերը:

«Մենք այս գործով բախվել ենք հայկական իրավական համակարգում ամենաթողության երկու դրսևորման: Առաջինը բոլորին հայտնի է և ունի հին պատմություն՝ դատարանների կողմից հայցի ապահովման միջոցների անսկզբունքային կիրառումը և դրանց նույնքան անսկզբունքային վերացումը: Մեր գործով սկզբից կիրառվել էր հայցի ապահովման միջոց, որով արգելվել էր պատասխանողներ Անտոն Սուֆիյարովին և Եկենա Կուգինային շարունակել իրենց սկսած շինարարական աշխատանքները: Սակայն հետագայում այս արգելքը դատարանը վերացրել է: Մեր վերաքննիչ բողոքն արդյունք չի տվել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման որոշ դրույթներ պարզապես ապշեցնում են:

Վերաքննիչ դատարանն իր 04.04.2024թ. որոշմամբ փաստորեն արձանագրել է, որ սեփականության իրավունքի վկայականի առկայության փաստն ինքնին բավարար է եզրակացնելու համար, որ բնակարանում կատարվող շինարարական աշխատանքներն օրենքին չեն հակասում»,-նշում է փաստաբան Ներսես Աղաբաբյանը։

Վերաքննիչ դատարանի ապրիլի 4-ի որոշման մեջ նշվում է․ «․․․Պատասխանողների կողմից Դատարան ներկայացված … աշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28092023-01-0184 և թիվ 28092023-01-0217 վկայականների պատճենների ուսումնասիրությունից հետևում է, որ հայցադիմումը դատարան ներկայացվելուց առաջ՝ 28.09.2023 թվականին ք. Երևան, Կենտրոն, Ե. Կողբացի փողոց, 4 շենք, 18-րդ և 18/1-րդ բնակարանների նկատմամբ գրանցվել է պատասխանողների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, որպիսի փաստը հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ դատարանի կողմից 13.10.2023 թվականին կիրառված հայցի ապահովման համար հիմք հանդիսացած հանգամանքն այն մասին, թե պատասխանողներն իրենց բնակարանը երկու բնակարանի վերածելու կապակցությամբ կատարվող շինարարական աշխատանքները իրականացնում են ապօրինի՝ ըստ էության չի համապատասխանել իրականությանը և միջնորդության քննության ընթացքում դատարանին սխալ տեղեկատվություն ներկայացված լինելու արդյունք է»։

Ներսես Աղաբաբյանը, մեկնաբանելով որոշման նշված հատվածը ընդգծում է՝ ոչ մի խոսք չկա վեճի բուն էության մասին․ «Մենք պնդում ենք, որ շինարարության ընթացքում խախտվում են տեխնիկական նորմեր: ՀՀ քաղաքաշինության նախարարի 31.03.2014թ. թիվ 93-Ն հրամանի հավելվածի 160-րդ կետի խախտման մասին կարելի է եզրահանգել պարզապես վերևի բնակարանների հատակագծերը այդ նույն բնակարանի հին հատակագծի հետ համադրելով և համոզվելով, որ լոգարաններն ու զուգարանները չեն համապատասխանում նախկինում եղած մակերեսներին:

Երկրորդ խնդիրը, որին բախվել ենք, այն է, որ ոչ մի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չի ցանկանում լրջորեն զբաղվել այս հարցի լուծմամբ: Անտոն Սուֆիյարովն ու Եկենա Կուգինան հրաշալի լուծում են գտել հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ իրենց խնդիրները լուծելու համար. նրանք պարզապես չեն բացում բնակարանների դռները: Պատասխանողները բազմիցս խոչընդոտել են Երևանի քաղաքապետարանին և ՀՀ ոստիկանությանը, որ վերջիններիս աշխատակիցները մուտք գործեն Կողբացի 4շ. բն. 18 և 18/1 հասցեների տարածք և ծանոթանան ընթացող շինարարական աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանի 3 գրությունները վկայում են այն մասին, որ պատասխանողները խոչընդոտում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների մուտքը բնակարաններ և նույնիսկ հրաժարվում են տալ որևէ բացատրություններ: Մասնավորապես, գրություններից մեկում ուղղակիորեն նշված է, որ «… հնարավոր չի եղել մուտ գործել վերոնշյալ հասցեների տարածքներ՝ վարչական իրավախախտման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ սեփականատերերի կողմից խոչընդոտներ ստեղծելու պատճառով»: Դեռ ավելին՝ մեկ այլ գրության համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից հարուցված վարչական վարույթը կարճվել է պատասխանողների՝ «ծանուցված չլինելու պատճառով»: Այսինքն՝ պատասխանողները նույնիսկ խուսափել են վարչական վարույթի շրջանակներում ծանուցումներ ստանալուց»,-նշում է փաստաբանը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի 2023 թվականի հոկտեմբերի 9-ի գրության համաձայն՝ ոստիկանությունը պարբերաբար այցելություններ է իրականացրել ք. Երևան, Ե. Կողբացի 4շ. բն. 18 հասցե՝ պարզելու կատարված շին. աշխատանքների օրինականությունը, սակայն նշված հասցեի դուռը գտնվել է փակ վիճակում։

Հայցվորը ոստիկանությունից վերջին նամակը ստացել է փետրվարի 28-ին, որը նույն բովանդակությունն ունի՝ դռները փակ են, իսկ ոստիկաններն անկարող են որևէ միջոց ձեռնարկել:

Միակ կառույցը, որին վեճի սկզբում հաջողվել է մուտք գործել խնդրո առարկա բնակարաններ, եղել է շենքի համատիրությունը, որն էլ 2023-ի սեպտեմբերի 14-ին արձանագրել է, որ իսկապես կան խախտումներ լոգասենյակների և զուգարանների տեղակայման մասով:

«Ստիպված ենք արձանագրել, որ բազմաբնակարան շենքերում կատարվող շինարարությունների հարցում չափազանց վատ են իրենց դրսևորում ինչպես Երևանի քաղաքապետարանը, այնպես էլ  ոստիկանությունը»,-պատմում է փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել