Էներգետիկ ըմպելիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց կարգելվի

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովը առաջիկա նիստին քննարկելու է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը, համաձայն որ կսահմանվի «էներգետիկ ըմպելիքներ» հասկացությունը:  Նածագծի հեղինակները պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Մարիամ Պողոսյանն են։

Ըստ սահմանման՝ էներգետիկ ըմպելիքները կոֆեին և (կամ) տաուրին պարունակող գազավորված կամ չգազավորված, ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային ըմպելիքներն են:

Համաձայն նախագծի՝ էներգետիկ ըմպելիքների վաճառքն

  • կարգելվի ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի և հանրային սննդի օբյեկտներում,
  • 18 տարին չլրացած անձանց,
  • ավտոմատներով, առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բավականին մեծացել է էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, որոնք ակտիվորեն գովազդվում են որպես էներգիա տվող և ուժերը վերականգնող միջոցներ՝ լռելով դրանց հակացուցումների, հնարավոր բարդությունների, կախվածության առաջացման և չափից շատ օգտագործման դեպքում առողջական լուրջ խնդիրների ի հայտ գալու հնարավորության մասին՝ հատկապես երեխաների ու դեռահասների շրջանում:

«Թեև սուրճի որոշ տեսակներ կարող են ունենալ կոֆեինի բարձր մակարդակ, որը համեմատելի է էներգետիկ ըմպելիքների հետ, սակայն սուրճը, սովորաբար, օգտագործվում է տաք վիճակում և, հետեւաբար, ավելի դանդաղ է տեղի ունենում կոֆեինի յուրացումը օրգանիզմի կողմից: Ավելին, էներգետիկ ըմպելիքների որոշ ապրանքանիշերը պարունակում են կոֆեինի ծայրահեղ բարձր մակարդակներ։

Երեխաների և դեռահասների շրջանում կան կոֆեինի օգտագործման ապացուցված բացասական հետևանքներ, ներառյալ ազդեցությունը նյարդային և սրտանոթային համակարգերի վրա, որոնք կարող են առաջացնել կախվածություն: Դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է բերել առողջության և վարքի այլ պոտենցիալ բացասական հետևանքների, ինչպիսիք են ռիսկային վարքագծի դրսեվորումը, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և այլ վնասակար նյութերի օգտագործումը և կապված է դեպրեսիայի և բժշկական միջամտություն պահանջող վնասվածքների առաջացման հետ։

Բոլոր էներգետիկ ըմպելիքներն ունեն գրեթե նույն բաղադրությունը: Դրանք պարունակում են մեծ քանակի կոֆեին, գլյուկոզա, տաուրին, B խմբի վիտամիններ և մի շարք այլ քիմիական ծագման նյութեր: Այսպիսի ըմպելիքներում կոֆեինի քանակը 4-5 անգամ գերազանցում է սուրճի մեջ եղած կոֆեինի քանակը (ընդ որում՝ էներգետիկ ըմպելիքներում առկա գազի շնորհիվ օրգանիզմը ավելի արագ է յուրացնում կոֆեինը), իսկ տաուրինի պարունակությունը գերազանցում է օրգանիզմի օրական պահանջը մոտ 250 անգամ, որի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի համար դեռեւս հետազոտված չէ:

Էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետևանքով ռիսկերի նվազեցման նպատակով՝ տարբեր երկրներ դրանց սահմանափակմանն ուղղված տարբեր քաղաքականություններ են մշակում: Օրինակ՝ Դանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Ուրուգվայում, Իսլանդիայում գործում է դրանց բացարձակ արգելք»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել