97 դպրոցական մասնակցել է «Դիջիկոդ 2024»-ի եզրափակիչ փուլին

Ապրիլի 20-ին կայացել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից՝ որպես «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բաղկացուցիչ մրցութային մաս։ Մրցույթի կազմակերպման գործընկերներն են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում ամերիկյան համալսարանը։ 

«ԴԻՋԻԿՈԴ 2024»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 1300-ից ավելի աշակերտներ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից, այնպես էլ Ջավախքից ու արտերկրից։ Արդեն 9-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: DigiCode-ը դարձել է նաև արդյունավետ հարթակ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարարական գաղափարներով։ 

«ԱՐՄԱԹ ճարտարագիտական աշխատանոցներում սովորող երեխաներն ապագա հայ ճարտարագետներ են, ովքեր, բացի մասնագիտական հետաքրքրություններից, նաև տարված են իրենց երկրի խնդիրներով։ Առհասարակ, ցանկացած խնդիր լուծելու միակ տարբերակը կրթությունն է։ Աշխարհը շատ արագ է փոխվում, և ձեր սոցիալական ապահովությունը, ձեր անվտանգությունը, ձեր կյանքի որակը կախված է միայն ձեր գիտելիքներից։ Այնպես որ, պետք է սովորել սեփական երկրի, աշխարհի ու մոլորակի խնդիրները լուծելու համար»,- մասնակից դպրոցականներին ուղղված իր խոսքում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ողջույնի խոսքով երեխաներին դիմեց նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, ով նույնպես ընդգծեց կրթության անփոխարինելի դերը ցանկացած երեխայի ու քաղաքացու կյանքում։

«Վստահ եմ, որ այստեղ ներկա դպրոցականները մեծ հետաքրքրություն ունեն բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ։ Ես նաև վստահ եմ, որ սրանք նրանց ամենափոքր քայլերն են այս ուղղությամբ, ու շատերի համար նաև աշխարհընկալման, մտածողության զարգացման ճանապարհ են։ Ճարտարագիտական փորձով անցած մտածողություն ունեցող մարդը խնդիրներ լուծելու կարողություն է ձևավորում։ Անկախ այն բանից, թե երեխաներն ապագայում կընտրեն այս մասնագիտությունը, թե ոչ, վստահ եմ, որ Արմաթ աշխատանոցներում սովորելը և նման մրցույթներին մասնակցելը մեծ փորձառություն է», նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և հաջողություն մաղթեց բոլոր դպրոցականներիին։

Միջոցառման ներկա էին նաև ներկայացուցիչներ բարձր տեխնոլոգիական համայնքից, ինչպես նաև գործընկեր նախարարություններից։

ԱՐՄԱԹ ճարտարագիտական աշխատանոցների մասին՝

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման կրթական ծրագիրը: «Արմաթ»֊ը ոչ ֆորմալ տեխնոլոգիական հայկական ազգային կրթական ծրագիր է, որը միտված է վաղ տարիքից հասանելի դարձնել ճարտարագիտական ուսուցումը և ուժեղացնել դպրոցների բնագիտական առարկաների դասավանդման գիտելիքները։ ԱՏՁՄ-ն սկսել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացը արտերկիր:

2023թ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում, Քուվեյթում, Բանգլադեշում, Էսվատինիում գործում է 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, որտեղ շուրջ 17,000 երեխա ստանում է ճարտարագիտական կրթություն։

ԱՏՁՄ-ի մասին՝

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) ստեղծվել է 2000թ ին Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտների ընկերությունների կողմից՝ որպես Հայաստանում գործող ՏՀՏ ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա։ Միության անդամները ՏՀՏ-ի, բարձր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում միավորվել են ԱՏՁՄ ՀԿ-ում՝ զարգացնելու ՏՀՏ-Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետությունում՝ ներկայացնելու, պաշտպանելու և աջակցելու Միության անդամների ընդհանուր շահերը: ԱՏՁՄ ՀԿ-ն միավորում է Հայաստանում գործող շուրջ 140 ազգային և միջազգային կազմակերպությունների, որոնք ներգրավված են ծրագրային ապահովման, ինտերնետ տեխնոլոգիաների, էլեկտրոնային առևտրի, ՏՏ հետազոտությունների և զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում: Մի շարք անդամներ առաջատար դիրքեր են զբաղեցնում համաշխարհային շուկայում։ ԱՏՁՄ տնօրենն է Սարգիս Կարապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել