Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասը վերականգնվել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար:

Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, խախտել էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները. առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 3000 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 1220 քմ հողատարածք:

Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 13 մլն 736 հազար դրամի վնասը  2024 թվականի ապրիլի 19-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել