Գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի օրվա հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հայաստանում որոշ հիվանդությունների դեպքում զինծառայողը կհամարվի պիտանի, բայց զինծառայություն կանցնի սահմանափակումով։

«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները»,- այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին,  Կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների գրագիտության խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդություններ ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից, այլ կծառայեն որոշակի սահմանափակումներով»,- կառավարության նիստին ասաց պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով` կան վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` նկատվում է մի շարք հվանդություններով ծառայությունից անհարկի ազատման դեպքերի պրոգրեսիվ դինամիկա։

Նրա խոսքով` կիստաների առկայության սահմանափակումները սահմանվելու են զորամասի բժշկի ցուցումով, գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։

Նույն գիշերամիզությամբ էլի զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելն է։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա»,– ընդգծեց Պապիկյանը։

Նախարարը վստահեցրեց` իր թվարկած հիվանդությունները ոչ մի կերպ չեն կարող զինծառայության ընթացքում վնաս հասցնել մարդու առողջությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել