Հայտնի է, որ աշխարհի ամենամաքուր օդը Հարավային օվկիանոսի վրա է, բայց այժմ նաև բացահայտվել է, թե ինչպես է այն ինքնամաքրվում: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից՝ հղում անելով The conversation-ին։
4 օվկիանոսներից (Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Հյուսիսային Սառուցյալ) բացի երբեմն առանձնացնում են 5-րդ օվկիանոսը՝ Հարավային օվկիանոս, որը ընդգրկում է Անտարկտիդային հարող շրջանները կամ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների հարավային շրջանները։
«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հազարավոր կիլոմետրերի վրա տարածվող յուրատեսակ ամպերը անձրևներների միջոցով մաքրում են Հարավային Օվկիանոսի օդը աերոզոլներից:
Որքան շատ է խոնավությունը այս ամպերի մեջ, այնքան օդի ինքնամաքրումը ավելի ինտենսիվ է տեղի ունենում:
Հարավային օվկիանոսը հայտնի է որպես աշխարհի ամենամաքուր օդի բնօրրան։ Оդը այստեղ համեմատաբար քիչ է աղտոտված տարբեր տեսակի արտանետումներով, քանի որ Հարավային օվկիանոսը հեռու է գտնվում մարդու ակտիվ գործունեության հիմնական շրջաններից։
Այնուամենայնիվ, սա մաքուր օդի պահպանման միակ պատճառը չէ:
Ավստրալիայի Մոնաշի Համալսարանի գիտնականների կատարած նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է «Nature» ամսագրում, բացահայտել է Հարավային օվկիանոսի օդի ինքնամաքրման գաղտնիքները։ Հետազոտական թիմը ուսումնասիրել է Հարավային օվկիանոսի ամպերի կառուցվածքը։
Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ այս ամպերը շատ նման են մեղվի փեթակների բջիջներին և տարածվում են հազարավոր կիլոմետրերի վրա։
Առանձնացնում են ամպերի երկու տեսակ՝ կախված ամպային «բջիջների» դատարկ կամ լիքը լինելուց։
Թասմանիա կղզում գտնվող «Cape Grim» աստղադիտարանի օդի աերոզոլների կոնցենտրացիայի և մթնոլորտային տեղումների երկարամյա դիտարկումները ցույց են տալիս, որ մաքուր օդը պայմանավորված է «բաց բջջային» ամպերից դիտվող անձրևներով:
Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունենում այս ամպերի կողմից կարճատև, բայց ինտենսիվ անձրևներ առաջացնելու հետևանքով, որոնք կարծես լվանում են օդում առկա աերոզոլի մասնիկները»,-նշվում է հայտարարության մեջ: