Թումանյան-Տերյան խաչմերուկի մի հատվածում տարիներ շարունակ ծառեր չեն տնկվում․ քաղաքապետարանի պարզաբանումը

Կենտրոն վարչական շրջանում երկար ժամանակ է՝ կատարվում են ծառերի տնկման և կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքներ։

Սակայն Iravaban.net-ը նկատել է, որ Թումանյան-Տերյան խաչմերուկի մի հատվածում կենսունակությունը կորցրած ծառերը հատվել են, և տարիներ շարունակ նորերը չեն տնկվել, փողոցը սալիկապատվել է։

Հարցին՝ ինչու՞ այդ հատվածում ծառատնկման աշխատանքներ չեն իրականացվում, և արդյո՞ք դա արվել է որոշ մասնավոր տարածքների՝ խանութ սրահների, ռեստորանների տեսանելիությունը չփակելու նպատակով, քաղաքապետարանից պատասխանեցին, որ այս պահին չեն կարող կոնկրետ հատվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տալ․

«Պետք է սպասենք, տեսնենք՝ քաղաքապետարանի դիրքորոշումը աշխատանքները շարունակելու վերաբերյալ ինչպիսին կլինի, նախատեսված հատվածներո՞վ կլինեն աշխատանքները, թե՞ ինչ-որ նոր հատվածներ կներառվեն կամ կպակասեցվեն։ Այդ ժամանակ նոր կկարողանանք որևէ մեկնաբանություն տալ, հիմա գործընթացը կանգնեցված է, չենք կարող ասել՝ ձեր նշած հատվածում նախատեսվու՞մ են ծառատնկման աշխատանքներ, թե՝ ոչ»։

Խոսելով փողոցի այդ հատվածում ծառատնկման աշխատանքների դադարեցման մասին՝ քաղաքապետարանից հավելեցին, որ քաղաքացիների բողոքների պատճառով դրանք դադարել են, ու թե երբ կվերսկվեն, չեն կարող հստակ նշել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել