Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. հունիս ամիսը ներառյալ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծով հանձնարարվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:

Կառավարության որոշման նախագծում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում «2024 թվականի մարտ և ապրիլ» բառերը փոխարինել «2024 թվականի մայիս և հունիս» բառերով.

2) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը ներառյալ՝ 2024 թվականի մայիսի» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հունիս ամիսը ներառյալ՝ 2024 թվականի հուլիսի» բառերով.

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսված է մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը ներառյալ, որի արդյունքում 25.03.2024թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024թ. մայիսի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հունիս ամիսը ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել