Ամփոփվեց AMCA-ի և AIPR-ի կազմակերպած դատախաղը․ հաղթել են ԵՊՀ և ՀՖՀ թիմերը

«Մտավոր սեփականության իրավաբանների ասոցիացիա»-ն՝ (AIPR) «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (AMCA) աջակցությամբ իրականացնում է մտավոր սեփականության իրավունքին նվիրված դատախաղ-մրցույթ, որի բանավոր փուլը տեղի ունեցավ ապրիլի 13-14-ին:  

Դատախաղի նպատակն է խորացնել հայաստանյան բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների գիտելիքները մտավոր սեփականության իրավունքի և առևտրային արբիտրաժի բնագավառում:

Մրցույթին մասնակցում էին ավելի քան 30 ուսանող Հայաստանի 7 բուհերից: Եզրափակիչ փուլում մրցում էին ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմերը, որոնք էլ ընդհանուր արդյունքներով կիսեցին 1-ին տեղը։ 

AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշում է․ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, կարևորելով արբիտրաժի ոլորտում կրթության խթանումն ու ապագա մասնագետների շրջանում հետաքրքրվածության աճի նպաստումը, շարունակում է աջակցել արբիտրաժին առնչվող դատախաղերի կազմակերպմանը՝ այս անգամ ազգային մակարդակում։ Հատկանշական է, որ այս տարի դատախաղն իրականացվում է AMCA-ի Արբիտրաժային կանոններով, ինչը լավ հնարավորություն է ծանոթանալ վերջիններին և կիրառել դրանք գործի շրջանակներում»։

Այս տարի  դատախաղը  նվիրված էր մտավոր սեփականության ոլորտում քննարկվող ամենաարդիական հիմնախնդիրներին և հարցերին՝ արհեստական բանականության և հեղինակային իրավունքի փոխառնչության  և իրավական կարգավորումներին։ Հաշվի առնելով ոլորտում համակարգային իրավական կարգավորումների բացակայությունը, ակադեմիական և մասնագիտական համայնքում տարբեր մոտեցումներն արհեստական բանականության համակարգերի կողմից ստեղծված օբյեկտների մասով՝  թիմերի առջև խնդիր էր դրված  ներկայացնել  հիմնավորված փաստարկներ և  վերլուծություններ դեռևս ամբողջովին չկարգավորված իրավական ինստիտուտների  և հիմնախնդիրների վերաբերյալ: 

Դատախաղն ընթանում էր AMCA-ի Արբիտրաժային կանոններով, բանավոր փուլին մասնակցող թիմերն իրենց փաստարկները բանավոր կերպով ներկայացրին  արբիտրներին, որոնք ակադեմիական, փաստաբանական, դատական համայնքի, մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ էին։ 

«Նման դատախաղն ուսանողների համար հարթակ է ստեղծում մտավոր սեփականության իրավունքի տարբեր հարցերի առնչությամբ խորն ուսումնասիրություններ իրականացնելու, ոլորտի լավագույն մասնագետների առջև իրենց տեսակետները ներկայացնելու  համար: Սա  հատկապես  դիտարժան էր դարձնում ուսանողների  խաղերը, քանի որ ուսանողներն իրենց տեսակետներն էին ներկայացնում այնպիսի ինստիտուտների վերաբերյալ, որոնց  կապակցությամբ նույնիսկ համաշխարհային պրակտիկայում ընթանում են բուռն  բանավեճեր ինչպես պրակտիկայում, այնպես էլ ակադեմիական ոլորտում: Մենք լիահույս ենք, որ դատախաղի ընթացքում ձեռք բերված փորձառությունը  հետագայում  իր նպաստը կունենա ուսանողների ապագա մասնագիտական գործունեության համար»,- նշեց AIPR ներկայացուցիչ Մարիամ Այվազյանը։ 

Հաղթող թիմերի մասնակիցները փաստում են՝ թեման արդիական էր, դատախաղը՝ հաջողված և լի պրակտիկ գիտելիքներով ու արժեքավոր փորձով

«Շնորհակալություն եմ հայտնում դատախաղի կազմակերպիչներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և ընձեռված հնարավորության համար:  Առաջին անգամ մասնակցելով մտավոր սեփականությանը նվիրված դատախաղի՝ կարող եմ փաստել, որ փորձը հաջողված էր։ Թեման ինքնին ակտուալ ու կարևոր է մեր օրերում, և իհարկե կա կարիք այն քննարկելու տարբեր միջավայրերում։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից բավականություն ստացավ դատախաղից և այն կկրի շարունակական բնույթ»,-նշել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Հակոբ Պետոյանը։ 

ԵՊՀ ուսանող Արա Սարգսյանն էլ հավաստում է․ «Դատախաղը լավ հնարավորություն էր մեր գիտելիքներն ու հմտությունները օգտագործելու և պրակտիկ կիրառելու համար։  Բացի այդ, հնարավորություն ունեցանք շփվել Հայաստանի այլ համալսարանների ուսանողների հետ և փորձի փոխանակում իրականացնել։ Անշուշտ դատախաղի թեման շատ արդիական էր․ հատկապես նրանով,  որ  21-րդ դարում զարգացող տեխնոլոգիաների ու դրանց կիրառման պայմաններում բազմաթիվ իրավական խնդիրներ են առաջ գալիս, որոնց համար անհրաժեշտ են համակողմանի ուսումնասիրություններ անել` այդպիսի խնդիրների լուծման ուղիներ փնտրելու նպատակով»։

Դատախաղի ավարտին նաև հավաստագրեր հանձնվեցին՝ Հայարփի Մկրտչյանին՝ լավագույն բանախոս, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Լավագույն թիմային աշխատանք՝  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմ, Լավագույն գրավոր արդյունք՝  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմ, Լավագույն իրավական փաստարկներ ներկայացնող՝  Զավեն Երվանդյան, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանող։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել