Փաշինյանը խոսել է զինվորական ծառայությունից ազատվելու համար նախատեսված հիվանդությունների ցանկի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 12-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ խոսել է բանակի բարեփոխումների մասին․ «Երբ մենք ասում ենք բանակի բարեփոխում, միշտ հասկանում ենք առաջին շերտում երևացող հատվածները, ինչը կարևոր է, բայց խորքերում ևս խնդիրներ կան, որոնք լուծման ենթակա են։ Այս խնդիրներին բախվել ենք, օրինակ, վարժական հավաքների ժամանակ․ գիտենք, որ խնդիր է դրված X թվով մարդ ներգրավվել այդ հավաքներին, բայց երբեմն ծանուցումները այդ թվից կրկնակի, եռակի անգամ շատ են լինում։ Պետք է հաշվի առնենք, որ ամեն ծանուցում պետական բյուջեի համար բեռ է, ծախս է»։

Նա նշեց, որ ծախսերը կարող էին ավելի քիչ լինել, եթե գործընթացը պատշաճ կազմակերպվեր, և, որ օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է՝ քաղաքացու ծանուցված համարվելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի գործընթաց, որը կոնկրետ արդյունքներ կտա․

«Նաև թեմաներ կան, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է հանրության հետ խոսել այդ թեմաներով։ Մասնավորապես հիվանդությունների հենքի վրա զինծառայությունից զինծառայողների կամ վարժական հավաքների մասնակիցների ազատումների անտրամաբանական ծավալները։ Իհարկե, մենք ունենք դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցվել, ձերբակալվածներ են եղել, բայց այս գործընթացները ուսումնասիրելիս՝ մենք տեսնում ենք, որ հիվանդությունների ցանկը այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին։ Օրինակ՝ կիստան բավականին տարածված է, բայց մարդու բնական կենսագործունեության վրա ոչ մի ազդեցություն չունի»։

Վարչապետը հավելեց, որ բանակի բարեփոխումները հենց այդ ճանապարհից են սկսվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել