Մայր Աթոռը պատասխանել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի մեղադրանքներին

Արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Եկեղեցու մնայուն հորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է և շարունակում է մնալ՝ հարգել սեփական պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված արդար իրավունքը։ Այս մասին, ի պատասխան Iravaban.net-ի հարցման, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ արձագանքելով Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրանքներին, որոնք ուղղված են եղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։

Հիշեցնենք՝ Փաշազադեն հայտնել էր, որ այս տարվա վերջին Բաքվում կկայանա կրոնական առաջնորդների հանդիպում և քննարկվելու է Ամենայն հայոց կաթողիկոսին հանդիպմանը հրավիրելու հարցը։

«Ժամանակին ես նրան հրավիրել եմ Ադրբեջան, նա եկել և մասնակցել է կրոնական կոնֆերանսի։ Այսօր Հայ եկեղեցին՝ իրենց կաթողիկոսի գլխավորությամբ, աշխարհով մեկ ռևանշիզմ է քարոզում։ Նրանք մինչ օրս համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է», -ասել էր Փաշազադեն։

«Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հավանաբար Հայ Եկեղեցու այս կեցվածքն է թյուրիմացաբար բնութագրում որպես ռեվանշիզմ։

Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռեվանշիստական քաղաքականությանը և տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիային, 2020թ․ սանձազերծած պատերազմին, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելուն, պետական մակարդակով իրականացվող հայատյացության լայնամասշտաբ քարոզչությանը և հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստագրված դեպքերին։

Պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, ունկնդիր լինելով Հայ Եկեղեցու կոչերին, իր հոգևոր հեղինակությամբ համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները և նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը»,-նշել է Եսայի քահանա Արթենյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել