«Այս պահին չունենք անգամ մեկ վերականգնված դատավոր, ինչը ցույց է տալիս, թե որքան խեղված է համակարգը»,-2023 թվականին լիազորությունները դադարեցված դատավորների մասին Iravaban.net-ը խոսել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
Սահակյանի խոսքով՝ 2023 թվականին բազմաթիվ դատավորների լիազորություններ ոչ իրավաչափ կերպով դադարեցվեցին, և այս գործերը այժմ գտնվում են ՄԻԵԴ-ում․ «Դրական նորությունն այն է, որ դատարանը կիրառել է իր կանոնագրքի 40 և 41-րդ հոդվածները, ինչը նշանակում է, որ այս գործերում բացահայտել է համակարգային խնդիր և գործերի քննմանը տվել է առաջնահերթություն․ մյուս կողմից հրատապ կոմունիկացիայի կանոնն է կիրառել, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներս ՀՀ կառավարությունը կիրազեկվի այս գործերի մասին, և պետք է արդեն նախապատրաստվի իր առարկությունների ներկայացմանը»։
Իրավապաշտպանը հավելեց, որ իրենք այս գործերով իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին բարձրաձայնել են՝ կապված ԲԴԽ կազմի անկախության բացակայության հետ։ Իրենց գնահատմամբ՝ գործող խորհուրդը չի բավարարում անկախության չափանիշներին և ամբողջությամբ ենթարկվում է քաղաքական ազդեցությունների՝ չապահովելով արդար դատաքննություն․ «Մենք ունեցանք գործեր, երբ այս կենսական պաշտպանության իրավունքի սահմանափակում եղավ և սա շատ արատավոր պրակտիկա է, հատկապես երբ գործ ունենք դատավորների հետ։ Այսինքն դատական իշխանության բնականոն գործունեությունը ապահովող և դատավորի անկախությունը երաշխավորող օղակը դատավորի ներգրավվածությամբ կազմակերպում է մի իրավական գործընթաց, որտեղ դատավորին զրկում է պաշտպանվելու և մի շարք այլ իրավունքներից»։
Սահակյանը հավելեց, որ իրենց կարծիքով՝ ՄԻԵԴ-ի միջոցով հնարավոր կլինի արձանագրել այս խախտումների շղթան և աշխատանքներ իրականացնել, որպեսզի համակարգային խնդիրը վերանա Հայաստանում․ «Մեզ համար առաջնահերթ է, որ դատական համակարգից ապօրինի հեռացված դատավորները վերադառնան և վերականգնվեն նախկին պաշտոններում»։
Նա նշեց, որ այս պահին չունենք անգամ մեկ վերականգնված դատավոր, ինչը ցույց է տալիս, թե որքան խեղված է համակարգը, նաև ասաց, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի բոլոր գործընթացներն ունենան իրենց տրամաբանական ավարտը։
Մեր հարցին՝ ինչպե՞ս է իրավապաշտպանը գնահատում՝ ՄԻԵԴ-ի կողմից Սահմանադրական դատարանի նախկին 3 դատավորների և նախկին նախագահի գանգատները անընդունելի ճանաչելը, Սահակյանը պատասխանեց, որ դատարանի այս որոշումը անընդունելի է հենց դատարանում․ «Սա իրավական առումով անսպասելի որոշում էր, սակայն քաղաքական գործոնների ամփոփման արդյունքում նաև կանխատեսելի էր։ Մենք գիտենք, որ ՍԴ-ն կարևոր դերակատարում ունի և դրա շուրջ տեղի ունեցածը մեծապես կապված էր հետհեղափոխական Հայաստանում կատարվող զարգացումների հետ։ Չմոռանանք, որ Սահմանադրական դատարանի շրջանցմամբ ստորագրվեցին այնպիսի կարևոր հայտարարություններ, ինչպիսին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էր»։
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշել էր, որ դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ․ «․․․Հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում»։
Մարիամ Անտոնյան