Այս անկանոն կրակոցները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին․ Արարատ Միզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ՀԱՊԿ-ի այն հայտարարությանը, որում ասվում էր, որ հայ-ադրբեջանական սահմանն «իրենց պատասխանատվությունը չի»։

«Ես չգիտեմ, թե որքանով է ՀԱՊԿ քարտուղարությունն իրավասու նման հայտարարություն անել, բայց նույնիսկ, եթե սա ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումն է, ուրեմն ամեն ինչ ավելի վատ է, շատ ավելի վատ։ Այսինքն, այդ կազմակերպությունն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և ասում է, որ իր պատասխանատվության գոտին այստեղ հստակ չէ։ Հարավային Կովկասում իր պատասխանատվության գոտին հստակ չէ։ Այստեղ նույնիսկ տեսական մի զավեշտ կա։ Այսինքն, եթե երկու այլ երկիր պայմանավորվեն ինչ-որ կոնկրետ սահմանի մասին, այդ սահմանն իրենք կճանաչեն։ Եթե ոչ ՀԱՊԿ անդամ երկիր հարձակվի ՀԱՊԿ անդամ երկրի վրա և պարտադրի ճանաչել ինչ-որ սահմաններ, ՀԱՊԿ-ը միայն կարող է ընդունել այդ սահմանները»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ, եթե սահմանը դելիմիտացված չէ, ուրեմն պետական սահման չկա, Միրզոյանն արձագանքեց՝ բոլորովին ոչ։

«Սահմանը, եթե սահմանազատված չէ, չի նշանակում, որ սահման չկա, նույնիսկ ձևակերպման մեջ է պատասխանը։ Սահմանը կա, որ իրեն սահմանազատում են։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանն ունեն պետական սահման։  Նրանք այդ սահմանը ճանաչել են 1991 թվականին, ի թիվս 11 այլ խորհրդային պետությունների և պայմանավորվել են, որ նախկին, իրենց իբր խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև վարչական սահմանները այժմ ճանաչվում են իբրև նորանկախ պետությունների միջև սահման»,-ասաց ԱԳ նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության զարգացումը բխում է ՀՀ-ի շահերից․ «Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է բարեփոխումների օրակարգին և՛ բանակի բարեփոխումների, և՛ տնտեսության»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանն ամենևին իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։

«Հայաստանի Հանրապետությունը էսկալացիայով շահագրգռված չէ և բոլոր պատրվագները՝ դրդել նոր էսկալացիայի միայն սադրանք է։ Ես կարևորում եմ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունները և ընդհանրապես ուզում եմ արձանագրել, որ ԵՄ այս առաքելության դարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով կայունության բավականին իրական, շոշափելի և արդյունավետ գործոն։ Մենք շատ ենք կարևորում այս առաքելությունը, բայց ուզում եմ նաև անդրադառնալ վերջին կրակոցներին, տան ուղղությամբ եղան կրակոցներ, ավտոմեքենայի։ Այս անկանոն կրակոցները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և նույնիսկ հասկանալի էլ չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղության գործընթաց ենք նախաձեռնում, ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, մյուս կողմից պատրվակներ են ստեղծում էսկալացիայի համար»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել