Զինված հարձակում «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա․ աշխատակիցները հրաժարվել են գումարը նրան փոխանցել

Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բագրատունյաց 7 հասցեում գործող «ՀայՓոստ»-ի փոստային բաժանմունքի վրա: Այս մասին տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից․ «Այո, նման ահազանգ ստացել ենք»։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքի մասին Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

«Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ, ավելի ուշ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի»,-նշել է նա։

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ դիմակավորված անձը զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը: «ՀայՓոստ»-ի աշխատակիցները հրաժարվել են գումարը նրան փոխանցել, վերջինս հեռացել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել