2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում։