Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակում ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական քննարկում են կազմակերպել։
Պետական մարմինների, միջազգային և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության մասնակցությամբ քննարկվել են ազդարարման ինստիտուտի վերաբերյալ առկա կառուցակարգերը, դրանց շրջանակներում առաջացած, ինչպես նաև առաջացման ռիսկ ենթադրող հնարավոր իրավական և գործնական խնդիրները:
ԻՀԱ նախագահն իր բացման խոսքում նշել է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև կոռուպցիոն հանցագործությունների ցանկն է, որը պետք է վերանայվի։
«Մենք անընդհատ մոնիթորինգ ենք անում, պետական մարմիններն այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվել ցանկը կազմելիս։ Լուրջ խնդիրների ենք բախվելու, երբ սկսենք արտերկրում գտնվող ակտիվների վերադարձման հարցով զբաղվել։ Կարելի է ասել, որ նշված ցանկի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի միջև կապը թույլ է, կամ ընդհանրապես բացակայում է»,-նշել է Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ ազդարարման համակարգի զարգացումն էլ կապված է նշված ցանկի հետ։
Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի առանձնահատուկ տարրերից ու հիմքերից է կոռուպցիոն ցանկացած դրսևորման նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը․ «Առանձնահատուկ կարևորություն ունի ազդարարման ինստիտուտը, հենց Հայաստանի Հանրապետության նման երկրներում։ Ինչո՞ւ, որովհետև սովորաբար կոռուպցիոն դեպքերի մասին հայտնելը հանրային իշխանության մարմիններին որոշակի անհանգստություններ է առաջացնում քաղաքացիների մոտ»,-նշեց նա։
Թովմասյանի խոսքով՝ ինչպես ցանկացած նոր ինստիտուտ, այնպես էլ ազդարարման համակարգը օրգանիկ զարգացում է ապրում և արդեն հասել են այն կետին, որ անհրաժեշտ են լինելու օրենսդրական փոփոխություններ․ «Սա են փաստում ոլորտային բոլոր մասնագետները, ըստ այդմ՝ մեր նոր ռազմավարությամբ ֆիքսեցինք և ամրագրեցինք գործողություններ, որոնք ուղղված են լինելու ազդարարման համակարգի ամբողջական վերանայմանը, լավարկմանը, հատկապես անդրադարձ է կատարվելու ազդարարների պաշտպանության մեխանիզմներին, որն այս ինստիտուտում ամենակարևոր կետն է, խրախուսման մեխանիզմենրին»,-ասաց Լիանա Թովմասյան։
Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող Լիլյա Աֆրիկյանը նշեց, որ ազդարարման համակարգի կայացման վերաբերյալ տարբեր քննարկումներ, հանդիպումներ են լինում։
«Հաշվի առնելով, որ համակարգը լրիվ նոր է և դրա կայացման համար բազմակողմ հանդիպումների կարիք կա բոլոր գործընկերների և համակիրների հետ։ Առհասարակ «բաց կառավարում» հասկացության շրջանակներում ենթադրվում է սերտ համագործակցություն տարբեր բարեփոխումների իրականացման շրջանակներում։
Ազդարարման համակարգի կայացումը կլինի այն մեխանիզմներից մեկը, որ հնարավորություն կտա նաև քաղաքացիներին մասնակից լինել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Ես Հայաստանում առհասարակ միշտ ասում եմ՝ երբ խոսում ենք տարբեր համակարգերի ներդրումից, իրավական տեսանկյունից, գործիքակազմերի տեսանկյունից մեզ մոտ կարծես ամեն ինչ բավարար է, համապատասխանում ենք միջազգայի կազմակերպությունների կողմից տրված առաջարկներին, հետևողականորեն անում ենք, բայց իրավակիրառ պրակտիկայում մենք ինքներս բավարար չենք»,-նշել է նա։
Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ազդարարման ինստիտուտին առնչվող միջոցառումները և առաջիկայում իրականացվելիք օրենսդրական բարեփոխումները:
«Նախատեսվում է վերանայել ազդարարման պատասխանատուների ինստիտուտը՝ նրանց ընտրությունը, նշանակումը, քանի որ հենց ազդարարման հարցերով պատասխանատուներն են հանդիսանում այն անձինք, որոնք բախվում են այն հարցերին, որոնց պետք է անձինք դիմեն, եթե հանդիպում են կոռուպցիոն բնույթի դեպքերին»,-ասաց նա։
Հակակոռուպցիոն ռազմավարության 4 գործողություն նվիրված են հենց ազդարարման համակարգի կատարելագործմանը։
ԻՀԱ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը խոսել է ներքին և արտաքին ազդարարման մասին, որոնք, նրա գնահատմամբ, ցածր մակարադակի վրա են։
«6 տարվա ընթացքում ունեցել ենք ներքին ազդարարման 13, արտաքին ազդարարման 73 դեպք։ Ցածր ցուցանիշները պայմանավորված էին վատ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև ինստիտուցիոնալ խնդիրներով։ Դեկտեմբերից արդեն, երբ մեկնարկել են իրազեկման աշխատանքները, նախարարն էլ է իր խոսքում նշել, որ 80 տոկոսով ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները»,-նշել է փորձագետը։
ԻՀԱ փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց ազդարարների պաշտպանության մեխանիզմների, անվտանգության և անանունության երաշխիքների կատարելագործման և խրախուսման մեխանիզմներին ուղղված կառույցի առաջարկները։
Զադոյանի խոսքով՝ խնդրահարույց են ինչպես ազդարարների անվտանգության պաշտպանության, այնպես էլ ազդարարների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման հնարավորության և ֆինանսական փոխհատուցման տրամադրման կարգավորումները։
«Ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև ԵՄ երկրները ներդրել են ազդարարների խրախուսման ֆինանսական մեխանիզմներ։ Լինում է համամասնությունը պետությանը վերադարձված գումարի և ազդարարին այդ գումարից տրված խրախուսման միջև, որը շուրջ 10-30 տոկոսն է։ Եղել են երկրներ, որոնք 1-2 տոկոսն են ներդրել և դա չի խթանել ազդարարմանը»,-նշել է նա։
Քննարկմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել մտածելակերպի փոփոխությունից։
«Կոռուպցիոն դրսևորումները կարող են քչանալ, եթե մարդու մոտ փոքր հասակից ձևավորվի պետականամետություն։ Միջազգային փորձն ուսումնասիրելի, այլ երկրներից պետք է վերցնել միայն գաղափարը, մնացածը պետք է արվի ներսից, որպեսզի համապատասխանի մեր մտածողությանը, մեր իրավիճակին։ Մենք դեռևս չենք կարողացել տոհմացեղային մտածողությունից դուրս գալ»,-նշել է Ասլանյանը։
Ամփոփեով՝ մասնակիցները կարևորել են ինստիտուտի լավարկման շրջանակում իրականացվող քննարկումները։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ պատրաստակամ են քննարկման առարկա դարձնել բոլոր մտահոգություններն ու առաջարկները և դրանք հաշվառել հետագա իրավական գործընթացների շրջանակում: