ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին։ Հանրայինի եթերում Սիմոնյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն խոսքերին, որ Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի։
«Ինչո՞ւ Ռուսաստանը նույն խանդավառությամբ չի մեկնաբանում ադրբաջանական կողմին, օրինակ՝ Ալիև-Զելենսկի հանդիպումը, բազմամիլիոնավոր դոլարների օգնությունն Ուկրաինային և այլն։
Իրենք ի՞նչ գիտեն, որն է հայ ժողովրդի հիմնարար շահը։ Մեզ համար դա անկախ, անվտանգ երկիրն է, որը փորձում ենք ստեղծել և պնդացնել, որովհետև 90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք։ Դա եղել է թվացյալ, կիսակախյալ վիճակ՝ մինչ օրս»,- ասել է նա։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ որևէ մեկը ՌԴ դեմ ոչինչ չի անում։
«Որևիցե մեկը Ռուսաստանի դեմ կամ որևիցե մեկի դեմ որևիցե բան չի անում։ Ամեն ինչ այնքան պարզ է, որ մանկապարտեզի երեխան կարա բացատրի։
Մենք ունեինք ընկեր, դաշնակից, որը մեզ պետք է պաշտպաներ։ Ավագ եղբայր, ինչպես իրենք սիրում են ասել, որը, որ երբ-որ ժամանակը եկավ պաշտպանելու մեզ՝ չպաշտպանեց։ Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ։
Մենք հետո էլի հույս հայտնեցինք, որ մեզ կպաշտպանի՝ մտածելով, որ գուցե պահ ա ստացվելա։ Հետո մեզ նորից խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան և «փրկեն» ՀՀ-ն»,– ասաց Սիմոնյանը:
«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է»,– հավելեց Սիմոնյանը: