Iravaban.net-ն ահազանգ է ստացել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկի ծնողից այն խնդրի վերաբերյալ, որ դպրոցի տնօրենը չի թողնում մաքրուհիները մաքրեն դասասենյակները՝ պատճառաբանելով, որ միայն պետք է բակն ու դպրոցի միջանցքները մաքրեն։
Մեզ հետ զրույցում ահազանգողն ասաց, որ դպրոցի բացումը 2023 թվականի նոյեմբերի 1-ին է եղել։ Նախկինում դպրոցի տնօրենի հետ ընդհարում է եղել՝ կապված աշակերտների հագուստի, մասնավորապես՝ ժիլետներ կրելու հետ, քանի որ երեխաները դպրոցի տնօրենի պարտադրանքով պետք է կրեին այդ ժիլետները՝ տնօրենի ծանոթ դերձակի մոտ կարված, որն արժեր 7000 դրամ։ Նրա խոսքով՝ ծնողներով այլ դերձակ էին ընտրել, որ պետք է կարեր 2500 դրամով․ ասում էին՝ դպրոցի բացմանը պետք է երեխաները բոլորը միանման հագուստ կրեն։
«Այդ փուլն անցանք, իրենք թաքուն կարեցին, ժիլետները բաժանեցին։ Մենք ահազանգեցինք նախարարություն, դրանից հետո խնդիրը, կարծես, լուծվեց»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց՝ անցյալ շաբաթ ծնողներին ասել էին, որ պետք է 2000 դրամ հավաքեն, շաբաթը երկու անգամ մաքրուհի կանչեն, որպեսզի գա դասարանը մաքրի։ Ի պատասխան ծնողի հարցին, թե ինչու դպրոցը չի տրամադրում մաքրուհի, մյուս ծնողները պատասխանել են՝ տնօրենը արգելել է, որպեսզի մաքրուհիները մտնեն դասարան, նրանք պետք է միայն դպրոցի ներսը, միջանցքները և բակը մաքրեն․ «Դասասենյակներն անցյալ շաբաթ ծնողներից մի քանիսն են մաքրել, բայց ես ինքս աշխատող ծնող եմ և ամեն անգամ չեմ կարող գնալ, մաքրել, վերջում որոշվել է՝ գումար հավաքենք, որ մաքրուհին գա մաքրի։ Կապ չունի՝ տարրական դասարան է, թե ավագ, նույն խնդիրն է»։
Ահազանգողը նշեց, որ մաքրության նպատակով շաբաթվա համար 1500 դրամ են հավաքում և տալիս մաքրուհուն։
Նա մեր հարցին՝ արդյոք դպրոցում այլ միջոցառումների, առիթների համար դրամահավաքություն տեղի է ունենում, թե ոչ, պատասխանեց՝ այո, կան դեպքեր, բայց նաև ընդգծեց՝ իրենց դասղեկն այն չի ընդունել։
Դրամահավաքություն տեղի է ունենում միայն տոների առթիվ, այլ նպատակներով գումար չեն հավաքել։
Iravaban.net-ն ահազանգի վերաբերյալ խոսել է նաև Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մխիթարյանի հետ, ով զանգին միանգամից պատասխանել է և պարզաբանումներ տվել։ Տնօրենն ասաց, որ նման բան չկա, դպրոցում կա երեք հավաքարար, և, իհարկե, դա շատ քիչ է։ Դպրոցին հասնում է վեց հավաքարար, այս պահին երեքն են, փորձում են գտնել, աշխատանքի ընդունել․ «Եթե ծնողին նման բան են ասել իմ անունից, թող գա, ինձ հետ խոսի․ նման բան գոյություն չունի»։
Մաքրուհուն հավելյալ գումար վճարելու հարցի վերաբերյալ նա կրկին նշեց, որ նման բան դպրոցում գոյություն չունի, ընդհանրապես ոչ մի դրամահավաք չկա։ Աշակերտների համար ժիլետներ կարելու մասին տնօրենը հայտնեց, որ այդ գործընթացը վաղուց ավարտվել է, ցանկությունը ծնողներինն է եղել, իրենք չեն պարտադրել, եթե ծնողները որոշում են, որ ուզում են և գնում են կարում են, դա չի նշանակում, որ տնօրենն է ասում։
«Մենք հագուստ չենք տրամարդում ոչ մեկին, միայն աշակերտական։ Կառավարման խորհրդով որոշվել էր անել, հետո տեսանք՝ ծնողները բողոքում են, մենք դադարեցրինք գործընթացը։ Ծնողներ կային՝ ցանկություն ունեին, մենք ասացինք՝ ցանկություն ունեք, գնացեք, կարեք, բայց մենք չենք ուղղորդել»,-ասաց Մխիթարյանը։
Դրամահավաքությունների մասին նա նշեց, որ եթե ծնողներն իրենց մեջ որոշում են նվեր տալ ինչ-որ մեկին, դպրոց այդտեղ ի՞նչ մեղավորություն ունի, հավելեց՝ դպրոցը չի ուղղորդում, չի պահանջում ոչ մի գումար, թող ծնողները «չհավաքեն, չբերեն»։
«Ընդհակառակը, խստիվ արգելված է, և ես բազմիցս ծնողխորհդի հետ հանդիպման ժամանակ միշտ այդ մասին ասում եմ, որ արգելված են մեզ մոտ նման բաները։ Վերջերս էլ ավարտական դասարանների աշակերտների ծնողների հետ եմ ունեցել հանդիպում, ասել եմ, որ արգելված է ցանկացած դրամահավաք։ Նույնիսկ զանգ, եթե ցանկություն չունեք, որ ձեր երեխաներն ունենան, ուրեմն՝ մի արեք»։
«Թող ծնողը գա ինձ մոտ, գուցե նրան սխալ են ասել տեղեկությունը։ Ինչ վերաբերում է հավաքարարներին, կրկին նշեմ, որ այս պահին ունենք 3 հավաքարար, ինչը շատ քիչ է, առաջնահերթությունը տրված է սանհանգույցներին, միջանցքներին, դասասենյակներին, ինչքանով, որ մարդը կհասցնի»,-ամփոփեց նա։
Մարիամ Շահնազարյան