Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից տեղեկացնում են․

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին մեր երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի` հիմնված ընդհանուր շահերի վրա:

Աֆրիկյան տարածաշրջանը (բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի) մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին Հայաստանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Գվինեայի միջև քաղաքական խորհրդակցությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար:

Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումների ու մոտեցումների հիմքում ընկած է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու անկեղծ ցանկությունը: Կողմերը երկուստեք շեշտել են, որ տարածաշրջանի և բոլոր գործընկեր երկրների շահերից է բխում կայուն խաղաղությունը, ինչը կերաշխավորի բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել