Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 26-ին, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվեց շուրջ 40 րոպե ուշացումով։ Դատարան չէին ներկայացել պաշտպաններ՝ Էրիկ Ալեքսանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը, Անի Բադիկյանը և ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանը։ Վերջինիս պաշտպանը նախապես հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Կոչուբաևի հետ և հայտնել, որ իր փոխարեն մեկ այլ պաշտպան կներկայանա իր ծանրաբեռնվածության պատճառով։
Կոչուբաևն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել ամբաստանյալի կնոջ հետ, վերջինս նշել է, որ նախկին ոստիկանապետն առողջական խնդիր ունի՝ ճնշման տատանում, և չի կարող ներկայանալ դատական նիստին։ Դատարանի աշխատակազմի հանձնարարությամբ պահանջվել է այդ մասին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։
Այսօրվա դատական նիստին չներկայանալու և Վլադիմիր Գասպարյանի առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը հիմնավորող փաստական տվյալներ և բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նախկին ոստիկանապետ Գասպարյանի չներկայանալը հարգելի կամ անհարգելի համարելու հարցը կքննարկվի հաջորդ դատական նիստի ընթացքում, որը նախապես համաձայնեցվել է կողմերի հետ և տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը՝ 10։30-ին։
Անահիտ Ամիրխանյան