«Դատախազի գործառույթները շարքային քաղաքացին է կատարելու»․ պրոֆեսորը՝ մասնավոր մեղադրանքի ինստիտուտի մասին

Մասնավոր մեղադրանքի ինստիտուտը Քրեական դատավարությունում գործում է դեռևս շատ վաղուց, կարելի է ասել՝ այն ավելի հին է, քան հանրային մեղադրանքի ինստիտուտը, որովհետև սկզբնական ժամանակահատվածում, երբ քրեադատավարական հարաբերությունները ձևավորվել են, առաջնահերթությունը տրվել է հենց մասնավոր մեղադրանքի ինստիտուտին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը։

Նա նշել է, որ մասնավոր մեղադրանքը և նշված գործերի վարույթը մի քանի հատկանիշներ ունեն, որից մեկն այն է, որ դրանք ոչ մեծ հանցագործությունների վերաբերյալ վարույթներով են իրականացվում և, ըստ էության,  այդ հանցագործությունների բացահայտումը մեծ բարդություն չի ներկայացնում։

Գործող օրենսդրությամբ մասնավոր մեղադրանքով գործերը բաղկացած են լինելու միայն դատական վարույթներից։ Մի խումբ հանցագործությունների դեպքում տուժողը պետք է ոչ թե պարզապես բողոք ներկայացնի իրավապահներին, այլ անձամբ միջոցներ ձեռնարկի այն բացահայտելու համար, այնուհետև քրեական հայց ներկայացնի դատարան՝ նշելով ենթադրյալ հանցագործունթյունը կատարած անձի տվյալները։

«Ընդհանրապես, քրեական դատավարության մեջ վարույթը միասնական է, մենք ունենք բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության միասնական կարգ, և այս միասնական կարգից քրեական դատավարության օրենսգիրքը առանձին դեպքերում բացառություններ է նախատեսում։ Օրինակ՝ նման բացառություններ կան անչափահասների վերաբերյալ գործերով, բժշկական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ գործերով» , – նշել է Տիգրան Դիլբանդյանը։

Նրա խոսքով՝ մոտավորապես 18-20 հանցագործություն է նախատեսվում գործով Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով, որոնք դասվում են մասնավոր մեղադրանքի գործերի շարքի մեջ, և քրեական դատավարության օրենսդրությունը շատ կատեգորիկ է կարգավորում, եթե հանցագործություն իրականացրած, ենթադրյալ արարքը կատարած անձը հայտնի է, տուժողն այլևս չի դիմում ոստիկանություն, քննչական մարմիններ կամ, եթե դիմում է, վարույթ չի նախաձեռնվում, ուղղակի «իրեն ասում են՝ դու պետք է հայց ներկայացնես դատարան»։

«Դատարանում տուժողի համար խարդախություն ապացուցելը շատ բարդ, ծանր գործ է, այսօր դատախազները, քննիչներն այդ գործի քննությունը դժվարությամբ են իրականացնում։ Ամբողջ ապացույցների ներկայացման պրոցեսը տուժողի վրա է դրվում, նա պետք է գնա վկաներին գտնի, փաստաթղթեր ներկայացնի, փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնի և այլն։ Քրեական դատավարության առանձնահատկությունն այն է, որ այստեղ «մութ» բաներ կան։ Մոմի լույսով դու պետք է մտնես ու լուսավորես, քեզ համար ամեն ինչ պարզ դարձնես։ »,-նշել է պրոֆեսոր Դիլբանդյանը։

Նրա խոսքով՝ այն հանցագործությունները, որոնք սահմանվել են Քրեական նոր օրենսգրքով, բավականին շատ են, ու այդ գործերով շատ ծանր է մեղադրանքը դատարանում պաշտպանել․ դա միայն պրոֆեսիոնալ իրավաբանը կարող է անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել