«Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․

«Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա ընդմիջումից հետո եւ հուսով եմ, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում քննարկված հարցերը կնպաստեն խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը, որոնց ձգտում է կազմակերպությունը: Ցանկանում եմ նաեւ իմ շնորհավորանքներն ուղղել տիկին Տուլիա Էքսոնին՝ Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ:

Խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային հարաբերություններում դարձել է ուժ: Այն պետությունների միջեւ ավելի ամուր հարաբերություններ է խթանում միջխորհրդարանական երկխոսության, մտքերի փոխանակման եւ համագործակցության միջոցով: Այդօրինակ ջանքերը նպաստում են երկրների միջեւ վստահության, փոխըմբռնման եւ համագործակցության ձեւավորմանը:

Վերջերս շատ է խոսվում «փափուկ» ուժի մասին: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ խորհրդարանական պատվիրակությունները եւ մտքերի փոխանակումը նպաստում են հանրային դիվանագիտության ջանքերին՝ ամրապնդելով երկրի «փափուկ» ուժը: Օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով՝ խորհրդարանականները կարող են ձեւավորել հասարակական կարծիք արտերկրում, ստեղծել ցանցային համագործակցություն եւ արտերկրում իրենց երկրի համար դրական կերպար կերտել:

Հայաստանի Ազգային ժողովը, իմ ղեկավարությամբ, կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը: Հայ պատգամավորները ներգրավված են տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում, համագործակցում են իրենց գործընկերների հետ՝ ամուր կապեր ստեղծելու եւ փոխըմբռնումը խթանելու նպատակով:

Մենք՝ պատգամավորներս, անում ենք հնարավորը՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար: Տարածաշրջանի անվտանգությունը եւ պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են: Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարծում ենք, կաշխուժացնի տնտեսական կապերը տարածաշրջանում եւ դրական ազդեցություն կունենա անվտանգային ընդհանուր իրավիճակի վրա:

Որպես խորհրդարանական դիվանագիտության վառ օրինակ՝ կցանկանայի նշել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար պարոն Մարտին Չունգոնգի՝ վերջերս Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերը, որոնց նպատակն էր հասկանալ իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իր այցից հետո գլխավոր քարտուղարն առաջարկեց կազմակերպել եռակողմ հանդիպում իր, իմ եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջեւ: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 22-ին այստեղ՝ Ժնեւում:

Գործընկերնե՛ր,

Հնարավոր է՝ տեղյակ չեք, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երիտասարդ պատգամավորներին հրավիրել մասնակցելու համաժողովին: Այն նրանց հնարավորություն կտա անձամբ ծանոթանալ եւ տեղեկանալ մեր գեղեցիկ երկրի մասին ու խորացնել իրենց միջեւ հաստատված կապերը՝ խորհրդարանական դիվանագիտության իրական ոգով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել