Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանումներ ներկայացնելով ուղիղ եթերում հեռուստադիտողի հնչեցրած այն մտքի վերաբերյալ, թե իբր Ռուսաստանում ահաբեկչության մեջ «հայկական հետք» է եղել:
«Дождь-ի երեկվա հատուկ թողարկման համատեքստում ուզում եմ մի կարևոր բան ասել։ Երևի ձեզնից շատերը երեկ եթերում լսել են մի տղամարդու, ով ներկայացել է որպես «Կրոկուսի» ձայնային ինժեներ: Նա նշել է, որ իբր լսել է, որ հարձակվողները «խոսել են հայերեն և հայերենով անպարկեշտ արտահայտություններ արել», ինչպես նաև առանց ապացույցների պնդել է «հայկական հետքի» գոյության մասին:
Եթեր դուրս գալուց առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման բան չի ասել։ Երբ լսեցինք նման չհիմնավորված մեղադրանքներ, հաղորդավարն ընդգծեց, որ դա անհիմն է։ Մենք այս անձին եթերից հանեցինք և այս հատվածը կտրեցինք եթերից։ Ներողություն եմ խնդրում Дождь-ի եթերում նման չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիխոն Դզյադկոն։
Հիշեցնենք՝ նախօրեին ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաընկերությունը հատուկ եթերում հրավիրել էր «Կրոկուս Սիթի Հոլ»-ի աշխատակիցներից մեկին, որն ուղիղ եթերում հայտարարել էր, որ ահաբեկիչները, իբր թե, «խոսել են հայերեն ու հայերեն հայհոյանքներ հնչեցրել»։
Ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։