Երևանի համար 11 հիմնական դպրոցի տնօրենը՝ դրամահավաքության վերաբերյալ ահազանգի մասին

Iravaban.net-ը մարտի 21-ին «Ամսվա կեսը փող ենք հավաքում․ ամսական 100-ից 150․000 դրամ գալիս ա․ ծնողն ահազանգում է դպրոցում տեղի ունեցող դրամահավաքության մասին» վերտառությամբ նյութ է հրապարակել։ Շրջանառվող լուրերի, ինչպես նաև խնդրի պարզաբանման նպատակով խմբագրություն փորձել էր կապ հաստատել դպրոցի տնօրենության հետ, սակայն չէր հաջողվել։ Նյութի հրապարակումից հետո, մարտի 22-ին Iravaban.net-ի հետ է կապվել Մ․ Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը, պատասխանել է լրատվամիջոցի հարցերին և ներկայացրել դպրոցի դիրքորոշումը ահազանգի վերաբերյալ։

Ծնողն ահազանգել էր ինչպես դրամահավաքության, այնպես էլ դասերից հետո և դասերից առաջ երեխաներին մաքրություն անելուն պարտադրելու վերաբերյալ։

-Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցում դրամահավաքություն իրականացվո՞ւմ է։

-Այդպիսի բան չի կարող լինել, ես ասում եմ, որ դպրոցն է հոգում մաքրելու միջոցների խնդիրները՝ տնտեսական, գրենական և այլն, չկա նման բան, որ մենք ծնողին ասենք գիտեք՝ դուք այս ինչ բանը բերեք։

-Դուք նշեցիք, որ ծնողներին զգուշացրել եք, որ գումար չհավաքեն անգամ Մարտի 8-ի և այլ տոների համար, բայց ծնողկոմիտեն է կարծես որոշել, որ գումար պետք է հավաքեն, և դասղեկներն էլ դեմ չեն եղել։

-Ես ասում եմ՝ ամեն տոնի ու դրանից առաջ՝ դա կլինի Մարտի 8, Ուսուցչի տոն և այլն, ես անպայման նիստ եմ անում իմ դահլիճում՝ զերծ մնալ, հեռու մնալ նման բաներից, պետք չէ, դասվարը, դասղեկը ստորագրում են, ծնողխորհրդի նախագահների հրավերք եմ կազմակերպում բոլոր ստորագրություններով, հորդոր-հրաման-թելադրանքով, որպեսզի դպրոցից որևէ նման բան դուրս չգա, պետք չէ դա մեզ, ձեր երեխաներին դաստիարակեք, որ նրանք իմ ուսուցչին չասեն՝ «արա՛, էս ո՞վ ա», դա մեզ համար ծաղիկ էլ է, կոնֆետ էլ։ Ես միայն հորդորում եմ, որ դաստիարակված երեխաներ ուղարկեն, հետամուտ լինեն։ Բազմիցս նշում եմ՝ դպրոց-աշակերտ-ծնող եռամիասնության մեջ է մեր գործը հաջողելու, մնացած բոլորը հազարերորդական կատեգորիաներ են։ Տե՛ր եղեք ձեր երեխաներին։ 

Մաքրության հետ կապված տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ հերթապահություն է եղել և կա, դա էլ դաստիարակության տեսակ է․ «Ո՞վ է ասել, որ իրենք պիտի թափեն և հավաքարարը հետևներից հավաքի, հավաքարարն իր գործն անում է, բայց դա չի նշանակում, որ այդ երեխան պիտի հավաքարարի գործի վրա թքած ունենալով, արհամարհելով կամայական վերաբերմունք ցույց տա, աղբանոց դարձնի դասարանը»։

Մեր հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ մաքրություն անելու համար երեխաները առաջին դասի ժամից շուտ են գալիս, տնօրենը պատասխանեց․ «Դասից շուտ ինչպե՞ս կարող են գալ։ Մենք ծանրաբեռնված դպրոց ենք, դասարանները չեն հերիքում, այդ ի՞նչ պիտի լինի, որ շուտ գան, դատարկ դասարաննե՞ր պետք է լինեն, որ նրանք գան, մաքրեն։ Առավոտյան 08։00-08։10 սկսում են երեխաները դպրոց գալ, բայց գալիս են հավաքարարություն անելու՞, իհարկե ո՛չ»։

Նրա խոսքով՝ պարբերաբար ծնողական ժողովներին էլ են անդրադառնում այդ հարցին՝ ասելով, որ «ոչի՞նչ, որ ձեր երեխաները մաքրություն անելու, շրջապատը տեսնելու հատկություններն ունենան, ոչ թե նստեն կեղտի մեջ»։ Միրզոյանի խոսքով՝ տղաները կարող են աթոռները դնել սեղանին, աղջիկները մաքրեն, իսկ ինչ վերաբերում է հավաքարարներին, նրանք ամեն ուրբաթ «հիմնիվեր» մաքրություն են անում։ 

Տնօրենն ընդգծում է․ «Դրանում վատ բան չկա, դա աշխատանքային դաստիարակություն է։ Այլ երկրներում առաջին դասարանցին անգամ դասարանը մաքրելու պարտավորություն ունի, իսկ երբ նշում եմ, սրանք մասնակի դեպքեր են, որ կարող է երեխան կանոնարկված անել։ Փառք ու պատիվ այն դասղեկին, որը, իսկապես, կարողանում է այդ աշխատանքն արդյունավետորեն կազմակերպել, որովհետև մտնում ես դասարան, անմիջապես զգում ես՝ որտեղ կարգուկանոն կա և որտեղ է աշխատանքը երևում»։

-Ահազանգողը բարձրաձայնում էր, որ երեխան, եթե հավելյալ պարապում է ուսուցչի մոտ, և ինքը գումար է վճարում, այդ դեպքում ուսուցիչն իրեն բարձր է գնահատում, եթե ոչ՝ ոչ։ Նման դեպքերի դպրոցն ականատես եղե՞լ է, դա համապատասխանու՞մ է իրականությանը։

-Մենք ունենք հրահանգ նոր չափորոշիչներով, որ դասերից ետ մնացող երեխայի համար պետք է երկարօրյա ուսուցում կազմակերպեն և այդ երկարօրյա ուսուցումն իր բացը լրացնի․ դա մենք հաջողությամբ կիրառում ենք։ Դասերից հետ մնացած երեխաների ցանկով, դասացուցակով, ամեն ինչով կարող է յուրաքանչյուրը գալ և տեսնել։

Ի դեպ, պարապող ուսուցիչը չէ նրա երկարօրյա ուսուցման ուսուցիչը, որովհետև եթե նա այսինչ ուսուցչի մոտ միգուցե չի հասցնում, մեկ ուրիշը կարող է հաջողել, հասցնել։ Երկարօրյա դասապրոցեսը օրենքով սահմանված կարգով դպրոցներում այլևս աշխատող տեսակ է, բայց դրա գումարը, ինչպես սովորական դասաժամը, վճարում է պետությունը։

Գայանե Միրզոյանի խոսքով՝ շատերը կան, որ գալիս, ասում են՝ ուզում են պարապել, ինքն արգելում է նման բաներ անել։ Միևնույն ժամանակ նշեց, որ չի կարող տիրապետել ամբողջ ինֆորմացիային՝ տվյալ ծնողը երեխային դասապատրաստում անել է տալիս դրսում տվյալ դասվարի մո՞տ, թե՞ ոչ , գուցե տներում պարապում են, բայց դպրոցից դուրս դա ծնողի և ուսուցչի խնդիրն է։

Որպես ամփոփում ահազանգի վերաբերյալ՝ տնօրենը նշեց․ «Ի վերջո չի կարելի բզկտել, բառիս լայն իմասով՝ բզկտել։ Մտեք մեր պաշտոնական կայքէջ, միգուցե այնտեղ էլ տեսնեք՝ ինչ ահռելի աշխատանք է կատարում ուսուցիչը, անձրևին պտտեցնում է քաղաքում, որովհետև երեխաները նախագծային աշխատանքներ են կատարում, նյութեր պետք է հավաքեն, էքսկուրսիաներ, հրավերքներ, բաց դասեր, ու այդ ամենի կողքին ունենք հաղթանակներ։ Իմացեք, որ արժանի են այդ ուսուցիչները մի ծաղկի, ծաղիկ նվիրելն էլ է արվեստ, մշակույթ, շնորհակալ լինելու ժեստ․ եղել է այն, ինչ եղել է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել