«Պոլիտեխնիկում պատմական օր է, պատմություն է կերտվում»․ ՀԱՊՀ-ում բացվեց Դիզայնի և կերպարվեստի նորացված ամբիոնը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մարտի 20-ին շահագործման հանձնվեց դիզայնի և կերպարվեստի նորացված ամբիոնը։ Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, «ՆՈՐՔ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը, «Ռենշին» ընկերության խորհրդի նախագահ Արայիկ Կարապետյանը, «Յունիբանկ» ընկերության վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և այլ հյուրեր։

Դիզայն և կերպարվեստի ամբիոնի վարիչ Լևոն Թոքմանջյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են տարվել։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ ամիսներ առաջ իրենց առջև խնդիր էին դրել ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ կարող են լավագույնս կրթություն ստանալ․ «Այս աշխատանքներին առաջին հերթին ձեռնամուխ եղան ամբիոնի դասախոսները, ուսանողները և մասնագետներ, ովքեր պատրաստեցին իրենց պատկերացրած նախագիծը և ներկայացրեցին մեզ»։

Վարդանյանի խոսքով՝ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներն իրենց գույներով և պատկերացումներով նախագծել և ստեղծել են այնպիսի միջավայր, որ հնարավոր լինի մասնագետներ պատրաստել՝ պրակտիկ նախագծերի շրջանակներում աշխատանք իրականացնելով։ 

Գոռ Վարդանյանն ասաց, որ գործընթացը շարունակական է լինելու՝ Պոլիտեխնիկի բարեկամների, շրջանավարտների մասնակցությամբ։

«Պոլիտեխնիկում առկա է մրցունակ կրթություն և այդ մրցունակ կրթության միջոցով սպասում ենք մեր ապագա դիմորդներին, որպեսզի իրենց էլ ավելի լավ կրթենք և ճանապարհ դնենք մասնագիտական համայնք։ Այսօր Պոլիտեխնիկի կյանքում պատմական ևս մեկ օր է, նոր պատմություն է կերտվում»,-ասաց նա։

«Մենք գտնվում ենք դիզայնի և կերպարվեսի ամբիոնում, բայց և այնպես ես ուզում եմ խոսել առհասարակ վերջին շրջանում համալսարանի ընդհանուր զարգացման մասին, որը, կարելի է ասել՝ սկսել է հենց այս շենքի (9-րդ մասնաշենք) լվացումից և ներկումից։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը․ «Այս բոլոր պրոցեսները, որոնց մենք ականատես ենք լինում, սկսել է այս հիմնական շենքի լվացումից, ներկումից, որը խորհրդանշել է՝ մեծ փոփոխություններ են սպասվում։ Աշխատանքի շատ գրագետ բանաձև է գտնվել, որտեղ որ բոլորն իրենց դերն ունեն»։

Ավինյանի խոսքով՝  դիզայնի և կերպարվեսի ամբիոնի վերանորոգումը ներառականության մասին է, որ յուրաքանչյուր ոք կարող է իր կարողությունն ու հմտությունը ծառայեցնել՝ միջավայրի բարելավման համար։

«Ես շնորհավորում եմ բոլոր շահառուներին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցել են այս ծրագրի իրականացմանը, իսկ Պոլիտեխնիկին մաղթում եմ այս թռիչքում շարունակականություն, որը ոգևորում է մեզ, որը մեզ ուժ է տալիս՝ էլ ավելի մեծ եռանդ դնել, որ համալսարանը զարգանա»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ բոլորն ականատես են դառնում նոր կրթական միջավայրի ստեղծմանը։

«Եթե խոսում ենք Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումների մասին, դրանք պետք է տեսնենք իրենց ամբողջության մեջ, այսինքն մասնագետների պատրաստումը, աշխատաշուկայի կապը։ Բուհերի միջազգայնացման տարբեր ցուցանիշներին հասնելու մեջ կարևորագույն բաղադրիչ է նաև կրթական միջավայրի առկայությունը և այդ առումով ես շնորհավորում եմ Պոլիտեխնիկին ու կարծում եմ, որ մենք պետք է շարունակաբար նման միջավայրերի ստեղծման ականատեսը լինենք»,-նշեց նա։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ դիզայնի և կերպարվեսի ամբիոնը հանրային կյանքի տարբեր խնդիրներին լուծում տալու շատ պրակտիկ բանաձևեր է առաջադրում։

«Հենց այն, որ դասախոսներն ու ուսանողները մասնակցել են այս միջավայրի ստեղծմանը, սա մի նախատիպ է, որով իրենք մեր իրականության, մեր երկրի բարեփոխման, փոխակերպման առաջնային գծում լինեն»,-ասաց փոխնախարարը։

«ՆՈՐՔ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը շնորհավորեց բոլորին հերթական նախագիծն իրականացնելու համար։ 

«Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավար կազմին արդյունավետ համագործակցության համար։ Մեր կազմակերպությունը կարևորելով կրթության դերը երկրի զարգացման, կայացման ճանապարհին, մշտապես գտնվում է համալսարանների կողքին»,-նշեց նա։

«Ռենշին» ընկերության խորհրդի նախագահ Արայիկ Կարապետյանը նշեց, որ իրենց ընկերությունը երկար տարիներ է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողքին է․

«Մենք պետք է գիտակցենք՝ որպեսզի ստանանք լավ, որակյալ մասնագետներ, ուսանողներ, պետք է լինի նաև համապատասխան միջավայր իրենց կրթությունն ապահովելու համար և սա լավագույն օրինակն է։ Այս պայմաններում մեր ուսանողները շատ ավելի լավ նախագծեր կիրականացնեն, իսկ գործարար աշխարհին պետք են լավ մասնագետներ»,-նշեց նա։

«Յունիբանկ» ընկերության վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն ասաց, որ նոր սերունդ ինչ-որ չափով նաև պարտավորված է լինել ավելի լավը, կրթված, վստահ, որն իր տեղը կգտնի Հայաստանի ապագայում։

«Ես ուզում եմ նշել, որ դուք սովորում եք մի համալսարանում, որն առաջնահերթ սովորեցնում է սովորել և մտածել, նշանակություն չունի՝ ինչ բնագավառում։ Մեզ մոտ, բանկում աշխատում են Պոլիտեխնիկի բազմաթիվ շրջանավարտներ, որոնք երբեք չէին մտածում, որ դառնալու են բանկիրներ»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել