«Հողատուի այս զիջմամբ վերանալու է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը»․ Միհրան Պողոսյանի հայտարարությունը

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը։ Այս մասին հայտարարությամբ է հանդես է եկել ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը, որում ասվում է։

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի գործող վարչախմբի ղեկավարը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղերը անհապաղ հանձնել Ադրբեջանին։ Հողատուի հակահայկական հերթական մտադրությունը պատճառաբանվում է շանտաժով, թե «հակառակ պարագայում պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել»:

Զուգահեռաբար իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է արդարացնել վարչախմբի ղեկավարի հերթական միակողմանի զիջումները։ Ներկայիս վարչախմբի ղեկավարը եւս մեկ անգամ փաստում է, որ նա մեզանից մեկը չէ։

«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր» սկզբունքով հերթական նենգ դավադրությունն է նախապատրաստվում։ Բոլորիս աչքի առաջ Հայաստանի տարածքները նվիրաբերվում են թշնամուն։ Հողատուի այս զիջմամբ վերանալու է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը։ Եվ սա միայն սկիզբն է լինելու, ու դժվար չէ հասկանալ Ադրբեջանի հետագա գործողությունների տրամաբանությունը։ Ավելին՝ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սեւանա լիճ։ Փաստացի կյանքի է կոչվում Սեւանա լճի ափին թեյ խմելու Ալիեւի վաղեմի երազանքը։

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր բոլորիս գլխավերեւում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Կորցնում ենք բոլորս։ Առաջիկայում կտեղեկացնենք Հայոց համազգային միասնություն կուսակցության ձեռնարկելիք գործողությունների մասին։

Հայոց համազգային կուսակցության նախագահ
Միհրան Պողոսյան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել