Հայաստանի մյուս համայնքներում ևս կգործեն շրջիկ առեւտրի վերաբերյալ կարգավորումները

Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի հետ քննարկումներում պայմանավորվեցինք եւ խոստացանք, որ Երեւանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո` կներկայացնենք նաեւ փոփոխություններ, համաձայն որոնց` այս կանոնակարգումները կտարածվեն նաեւ Հայաստանի մյուս համայնքների վրա: Հիմա, փաստորեն, մենք այդ գործընթացն ենք իրականացրել եւ մեր կողմից առաջարկվող փոփոխություններով կարգավորումները կտարածվեն մյուս բոլոր համայնքների վրա: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը: Նա հավելել է, որ առայժմ համայնքների համար կլինի մեկ բացառություն, որը վերաբերում է էլեկտրոնային հատուկ կայքէջի միջոցով շրջիկ առեւտրի թույլտվություններ տրամադրելուն:

Փոխնախարարի խոսքով շրջիկ առեւտրի ոլորտում Երեւանում ներդրված այս կանոնակարգումները դրական արդյունք են ցույց տվել, ինչից կարող են օգտվել մյուս համայնքները:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մարտի 19-ի հերթական նիստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել