Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտում․ ոստիկանություն

Թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացնելիս Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում:
Փետրվարի 23-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի պարեկների հետ համագործակցելով, վարչության ծառայողները Եղվարդ-Նոր Հաճն ճանապարհին ձերբակալեցին և ոստիկանության բաժին տեղափոխեցին 57-ամյա տղամարդուն ու հիսնամյա վարորդին` նրա վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ:

Բաժնում կատարված խուզարկությամբ 57-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ: Նա իրավապահներին հայտնեց, որ մեքենայում պահել է մեթամֆետամին, մարիխուանա և ափիոն տեսակի թմրամիջոցներ:

Տղամարդիկ ներկայացվեցին Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ կատարված մեքենայի խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցների նմանվող նյութերը հայտնաբերվեցին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել