Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատգամավորի նախագիծը վերաբերում է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի։
Բաքոյանն առաջարկում է հիշատակի օր սահմանել օգոստոսի 3-ը։
««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում բացակայում է որևէ կարգավորում 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ, նույն օրենքի 15.1-ին հոդվածի համաձայն՝ Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը նշվում է դեկտեմբերի 9-ին:
Հարկ է նկատել, որ հայ ժողովրդի հետ դարեր շարունակ ապրող եզդի ազգի նկատմամբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված ցեղասպանության դրսևորումը՝ որպես առանձին հիշատակի օր նշելը եւ այն առանձնացնելը՝ հայ ժողովրդի հետ համատեղ համընդհանուր թշնամու դեմ պայքար մղած ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ համերաշխության լրացուցիչ դրսևորում է, որը կունենա և՛ կանխարգելիչ, և՛ ըստ էության դատապարտող նշանակություն:
Խնդիրն առավել արդիական է դառնում նաեւ այն առումով, որ վերջին ժամանակահատվածում նոր թափ է ստացել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը, մասնավորապես՝ 2023թ. հունվարին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միացավ հանուն պատմական արդարության վերականգնման պայքարին՝ ճանաչելով եւ դատապարտելով 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը:
2023թ. օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիայի որոշումը հետեւել է Գերմանիայի արդարադատության դաշնային դատարանի որոշմանը, որն Իսլամական Պետության նախկին մարտիկին մեղավոր է ճանաչել ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար: Իսկ Հայաստանի խորհրդարանը 2014թ. եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է դեռեւս 2018թ. հունվարին:
Հատկանշական է, որ մի շարք երկրներ իրավական ակտերով (նախագահի հրամանագիր, խորհրդարանական բանաձեւ, խորհրդարանական հայտարարություն) կարգավորել են Ապրիլի 24-ը՝ որպես հայոց ցեղասպանության օր հիշատակելու հանգամանքը: Հունաստանը եւ Արգենտինան նույնիսկ օրենսդրական լուծում են տվել խնդրին:
1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է օրենք՝ «Ապրիլի 24-ը՝ որպես Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու» վերաբերյալ:
2007թ. հունվարի 15-ին Արգենտինայի Կոնգրեսն ընդունել է օրենք՝ «Մարդկանց միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի ակցիայի օր»՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:
Պետք է արձանագրել, որ դիցուք՝ Արգենտինայում հայերը՝ լինելով ազգային փոքրամասնություն, այդ երկրի հետ պատմամշակութային այնքան սերտ կապ չունեն, որքան եզդիները՝ Հայաստանի. երկու եղբայրական ժողովուրդների միջեւ հարաբերությունները հիմնված են ամուր պատմական հարաբերությունների վրա:
Նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում եւս, ամենադժվարին պահերին եզդիները թեւ ու թիկունք են եղել հայ ժողովրդին. Արցախյան ազատամարտի, Ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի ժամանակ տասնյակ եզդիներ իրենց կյանքն են տվել հանուն Հայաստանի Հանրապետության հետագա գոյության:
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նպատակն է լրացնել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը համապատասխան կարգավորմամբ, որը պայմանավորված է եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակների կողմից այս մարդկային աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ, ինչպես նաեւ նախատեսելով համապատասխան կարգավորում՝ առավել կարեւորելու նման ծանր հանցագործությունների բացառումը` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցանկում ներառելով 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով սահմանված ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքի առաջնահերթությունը, մենք կնպաստենք, որ ՀՀ քաղաքացիները եւս մեկ առիթ ունենան ուշադրություն դարձնելու մարդկության առջեւ ծառացած խնդիրներին եւ մասնավորապես նշված օրը վշտակցեն իրենց հետ բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին, իսկ եզդի ազգի ներկայացուցիչները կօգտվեն առավել արդյունավետ գործիքակազմից՝ նշելու 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-նշվում է հիմնավորման մեջ: