Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին։ Այս մասին պարզաբանում է տարածել Քրեակատարողական ծառայությունը։
«Վերոնշյալ գործողությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել են, մեղավորներն ուղարկվել են պատժախցեր։
armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում` «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում. ահազանգ» վերնագրով։
Մինչև հրապարակումը նշված լրատվական կայքը դիմել էր Քրեակատարողական ծառայությանը և ստացել պարզաբանում, որում մասնավորապես ասվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի քանի կալանավորված անձ խախտել է ներքին կանոնակարգի պահանջները՝ ագրեսիվ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծառայողների նկատմամբ։ Արդյունքում՝ նշված կալանավորված անձինք, ըստ սահմանված կարգի, տեղափոխվել են պատժախցեր։
Չնայած Քրեակատարողական ծառայությունից ստացված պարզաբանմանը՝ armlur.am-ը հրապարակումը վերնագրել է իսկությունը խեղաթյուրող բովանդակությամբ»,-նշվում է պարզաբանման մեջ։