Երևանում չեն գիտակցում ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

Երևանում չեն գիտակցում ֆրանսիական հովանավորների իրական մտադրությունները, ինչպես նաև տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանի և Փարիզի կապերի խորացման մասին հարցին։

«Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե նա նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կկիրառեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ, որտեղ պարտավոր էր դա անել, որովհետև դրա դիմաց գումար էր ստանում»,- շեշտեց Զախարովան։

Զախարովան վստահ է, որ Ֆրանսիայի ներկա իշխանությունները բնավ չեն առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով, այլ՝ իրենց վիրավորված աշխարհաքաղաքական ամբիցիաներով, հակառուսական դիրքորոշմամբ, իսկ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի ապագան գործիք է Ֆրանսիայի սեփական շահերն առաջ մղելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե երկրի ղեկավարությունը համաձայներ հանրապետության տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն:

Փոխարենը Հայաստանի ղեկավարությունը զբաղվում էր աճպարարությամբ։

Ըստ նրա՝ Երևանի որդեգրած քաղաքականության շարունակումը, ի վերջո, կարող է անդառնալի վնաս հասցնել երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործող մեխանիզմները և անդրադառնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել