Ձեր առաջարկը թալանչիական է․ Մանուկ Սուքիասյանը՝ տրանսպորտի նոր սակագների մասին

Երևանի ավագանիի այսօրվա՝ մարտի 12-ի նիստում  քննարկվել է  տրանսպորտի թանկացման հարցը։ Խմբակցության ղեկավարների ելույթների ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները միասին մոտեցել են ամբիոնին՝ իրենց բողոքի ակցիան իրականացնելով։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի նշել է, որ  իշխանությունը որոշել է լրացուցիչ ֆինանսական բեռ դնել ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հյուրերի վրա։

«Քաղաքային տրանսպորտից օգտվելու գինը շեշտակի թանկանում է՝ հասնելով մինչև 300 դրամի։ Պատճառաբանությունն ու հիմնավորումը այն է, որ նոր ավտոբուսներ ենք բերել և ստվերի դեմ չենք կարողանում պայքարել։ Պետք է գները բարձրացնենք, որ տասը տարի հետո նոր ավտոբուսներ առնենք։ Սա բացահայտ ցինիզմ է և ապաշնորհ կառավարում։ Այսուհետ տրանսպորտային ծառայության ծախսը մեկ հոգու հաշվարկով կազմում է 130 դրամ, որի 100-ը վճարում է քաղաքացին, 30-ը՝ բյուջեից է։ Իրենք այլ թիվ են ներկայացնում, ասում են՝ տրանսպորտի ինքնարժեքը 200-230 է, սակայն սրա հիմնավորումը չեն տալիս, մինչդեռ պաշտոնական թվերով հիմնավորում են, որ տարեկան առնվազն 5 մլրդ դրամի ստվեր կա»,- ասել է Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ «Մայր Հայաստանը» ներկայացրել էր նախագիծ, որի համաձայն՝ տրանսպորտի գինը պետք է մնար 100 դրամ, իսկ հաճախակի տրանսպորտից օգտվողների համար կարող էր ավելի ցածր լինել։

«Ձեր առաջարկը թալանչիական է։ Ստվերը վերացրեք, թանկացնելու խնդիր չի լինի։ Ծախսերը ճիշտ պլանավորեք, թանկացնելու խնդիր չի լինի։ Ամենաճիշտն այն կլինի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեռացվեք կառավարման ղեկից, որ հա՛մ արհավիրքից խուսափենք, հա՛մ քաղաքացին թալանի մատերիալ չդառնա։ Հեռացեք, ձեր փոխարեն կգան մարդիկ, ովքեր կառավարման միակ գործիքը չեն դիտարկի թանկացումները»,- եզրափակել է իր ելույթը խմբակցության ղեկավարը։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել