«Ձեր ծառայությունը 1-5 բալային համակարգով ինչպե՞ս կգնահատեք»․ Լևոն Երանոսյանն օգտվեց լռելու իր իրավունքից

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 12-ին, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստին չէին ներկայացել Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։ Վերջինիս շահերը ներկայացնում էր փաստաբան Անի Բադիկյանը։

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը։ Ամբաստանյալին առաջինը հարցեր ուղղեց հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը։

Ըստ գործի նյութերի՝ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը Երանոսյանին խնդրել է իր ծանոթ Վահրամ Ղազարյանին ընդունել ոստիկանության զորքերում ծառայության։ Նշված անձն ընդունվել է աշխատանքի, սակայն ծառայության չի ներկայացել։ Դրա փոխարեն կատարել է Թունյանի վարորդի պարտականությունները։ Այս դեպքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի 7 միլիոն 954 հազար դրամի վնաս, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։

Դատախազի հարցին, թե նա նախկինում ճանաչե՞լ է Վահրամ Ղազարյանին, Գրիգորյանը պատասխանեց, որ չի ճանաչել. «Ես բանակում ծառայել եմ երկար ժամանակ, ծառայել եմ ռազմական ինստիտուտում։ Ինձ շատերն են ճանաչում, բայց ես բոլորին հիշել չեմ կարող։ Ղազարյան Վահրամի նման հազարավորները կարող են ինձ ճանաչել։ Ես նրան տեսել եմ մեկ անգամ՝ զորամասում»։

Դատավորը հետաքրքրվել է՝ լինելով զորքերի հրամանատար, արդյո՞ք Գրիգորյանը պատահաբար է հայտնաբերել Ղազարյանի՝ ծառայության չներկայանալը, վերջինս պատասխանեց. «Ո՛չ, երբ եկել է Ղազարյանի հրամանը, ես ուղարկել եմ իրեն հասանելիք իրերը, և երբ տեղեկացել եմ նրա չներկայանալու մասին, անմիջապես զեկուցել եմ գեներալ-լեյտենանտ Երանոսյանին։ Քիչ անց տեղեկացել եմ, որ Ղազարյանը նշանակվել է մեզ մոտ՝ N զորամասում, բայց ծառայությունը շարունակում է մեկ այլ ստորաբաժանումում»։

-Դուք զեկուցել եք, որ նա չի ներկայանում ծառայության, հետո Ձեր ենթականերին հանձնարարել եք՝ րոպե շուտ գտնել Ղազարյանին, որ նա գա զորամաս ծառայության, նա ասել է, որ չի գալիս ու բոլորը տեղյակ են, Ձեր վերադասը դա հաստատել է, Դուք  դրանից ավել որևէ այլ բան ունեի՞ք անելու։

-Ոչ մի բան:

-Իսկ Ձեր ծառայության ընթացքում երկրորդ նման դեպք եղե՞լ է, որ N զորամասի հաստիքացուցակով անցնում է, հրամանագրված է, բայց որևէ տեղ, օրինակ՝  Գասպարյանի թիկնազորում, երջանկահիշատակ Ղանզադյանի մոտ օգնական է աշխատում։

Գրիգորյանը նշեց, որ այդպիսի դեպք չի եղել։

-Երբ ներքին աուդիտի վարչությունը զորամասում ստուգումներ է իրականացրել, Թունյանը մասնակցե՞լ է այդ ստուգումներին։

-Անձամբ չի ներկայացել, բայց միասին շրջագայել ենք թիկունքում և այլ տեղերում։

-Իսկ ստուգման ընթացքում երևու՞մ էր, որ նա շարունակ բացակայել է։

-Անուն-ազգանունի դիմաց մշտապես գրված է եղել գործուղում։

-Այսինքն, եթե ներքին աուդիտի աշխատողներն անփույթ չլինեին աշխատանքում, կարող էին նկատել, որ գործուղման հրաման չի եղել։

Գրիգորյանը համաձայնեց։

Դատավորը նշեց, որ չնայած այս հանգամանքներին, տվյալ զորամասի աշխատանքը վերջում գնահատվել է գերազանց։ Դատավորի հարցին՝ ամբաստանյալը ընդունո՞ւմ է իր մեղքը, Գրիգորյանը պատասխանեց, որ չի ընդունում։

Այնուհետև պետք է հարցաքննվեր Լևոն Երանոսյանը։ Նա որոշեց օգտվել իր լռելու իրավունքից։ Դատավոր Վարդգես Սարգսյանը հիշեցրեց, որ լռելու իրավունքից օգտվելը չի կարող օգտագործվել Երանոսյանի դեմ, բայց որոշեց հնչեցնել իր հարցերը.

-Ձեր ծառայությունը 1-5 բալային համակարգով ինչպե՞ս կգնահատեք։

-Կգա ժամանակը՝ կպատասխանեմ։

-Դուք Վլադիմիր Գասպարյանի ընտանիքին ճանաչե՞լ եք։

-Այսօր չեմ պատրաստվում որևէ հարցի պատասխանել։

-Ձեր ծառայության բնույթը կանոնակարգված եղե՞լ է, ճիշտ ժամանակին ամեն օր ներկայացե՞լ եք։

-Չեմ ցանկանում պատասխանել։

-Երբ յուրաքանչյուր օր ներկայանում էիք ծառայության, չէիք տեսնո՞ւմ, որ Յուլյա Գասպարյանը ծառայության չի գալիս, և, եթե տեանում էիք, ինչու՞ որևէ քայլ չէիք ձեռնարկում։

-Չեմ ցանկանում պատասխանել։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Գասպարյանը 2015-ին դստերը, Յուլյա Գասպարյանին նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն վերջինս առհասարակ ծառայության չի ներկայացել։ Ավելին, առանց զեկուցագրերի և հրամանների բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Նշված 3 տարիների ընթացքում Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի պետ Գեղամ Հովհաննիսյանի օժանդակությամբ, յուրաքանչյուր ամիս աշխատավարձ է վճարվել Յուլյա Գասպարյանին։ Արձակուրդայինների, պարգևատրումների և աշխատավարձի ընդհանուր հաշվարկով՝ ոստիկանապետի դստերն է վճարվել շուրջ 8 միլիոն 838 հազար դրամ։ Բացի այդ, Երանոսյանը լավատեղյակ է եղել, որ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում Յուլյա Գասպարյանին չի կարող շնորհել փոխգնդապետի զինվորական կոչումը և 2018-ին հանձնարարել է կազմակերպել Յուլյա Գասպարյանին բարձր պաշտոնի նշանակելու գործընթացը։

Գործընթացի ավարտից հետո դատավորն ասաց, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ միջնորդություններ ունի ներկայացնելու և խնդրել է նիստը հետաձգել։

Միջնորդությունները կքննվեն հաջորդ դատական նիստի ընթացքում, մարտի 19-ին։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել