Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնատար անձի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել

Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում են դատախազությունից։

Նշենք՝ խոսքը ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի մասին է։

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկը և սենյակի վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ մտել վերոնշյալ համալիրի 17-ամյա մատուցողի հետ:

Մատուցվող ծառայության դիմաց նախապես վճարելու կրկնակի պահանջից բարկացած՝ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը ձեռքի ափով երկու անգամ հարվածել է անչափահասի դեմքին, ապա հրելով տարել համալիրի խոհանոց: Խոհանոցում համալիրի խոհարարի ներկայությամբ երկու ձեռքի ափերով առնվազն 23 հարված է հասցրել անչափահասի գլխին և մարմնի տարբեր մասերին (հարվածները հիմնականում ուղղվել են անչափահասի դեմքին և գլխին):

2023 թվականի մայիսի 10-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ:

2023 թվականի մայիսի 29-ին քննիչի կողմից հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն էր ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը դատախազի կողմից բավարարվել էր: Սակայն 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի կողմից վերացվել էր հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ հսկող դատախազի որոշումը և քրեական հետապնդում էր հարուցվել Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել