Մարտի 7-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում մի քանի հոգի քաշքշել են իրար, նաև կրակոցի ձայն է լսել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Երևանի քաղաքի Ազատության պողոտայի կանգառներից մեկում Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա երիտասարդը վիճաբանել է Աբովյանի երթուղու վարորդների հետ: Այնուհետև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի հացատան մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել և ծեծի են ենթարկել 31-ամյա երիտասարդին, իսկ բալահովիտցի 26-ամյա երիտասարդը ատրճանակից կրակոց է արձակել նրա ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բաժին են տարվել 9 անձինք, որոնցից վեցը՝ Աբովյան քաղաքի, մեկը՝ Բալահովիտ գյուղի և երկուսը՝ Առինջ գյուղի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 8-ի գիշերը, ժամը ժամը 2.55-ին, Կոտայքի բաժին է ներկայացել Բալահովիտ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը և ներկայացրել «BARICAT S17» մոդելի մեկնարկային ատրճանակը՝ դատարկ պահեստատուփով: Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: