68-ամյա տղամարդը որդու հետ օրավարձով բնակարաններ են վարձակալել Երևանի տարբեր տարածքներում և վարձակալությամբ «հանձնել» այդ բնակարանները՝ քաղաքացիներին։ Այս պահին հայտնի է առնվազն 9 տուժողի մասին։
Գործն առաջին անգամ դատարան է ստացվել մարտի 5-ին, այն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է։ Գործը մակագրվել է Վահագն Մելիքյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ տղամարդը որդու հետ 2023 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում օրավարձով վարձակալել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակարաններ, ինչից հետո տղամարդու որդին www.list.am կայքում հայտարարություն է տեղադրել հիշյալ բնակարանները վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ՝ իր բջջային հեռախոսահամարներով:
Այնուհետև, մի խումբ անձանց խաբելու եղանակով, նրանցից ստացել է վարձակալության համար նախատեսված կանխավճարներ: Արդյունքում, կեղծ տվյալներ հաղորդելու միջոցով հափշտակել է զգալի չափերի գումարներ:
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խարդախության, որդուն՝ ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 9 դրվագով և նույն հոդվածի 1-ին մասով՝ խարդախության համար՝ 3 դրվագ։ Նրանք երկուսն էլ կալանքի տակ են։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: