«ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը». Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի քաղաքացիների ՀՀ-ով անցնելու մասին

ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման․ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է թուրքական «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում միջազգային ճանապարհների հետ. առևտրային ուղիները վերադասավորվում են, Միջին միջանցքն այժմ շատ կարևոր է՝ միտված Չինաստանը եվրոպական շուկաներին կապելուն, խոսվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջին միջանցքի, Իրաքն ու Թուրքիան Եվրոպական շուկաներին կապող զարգացման ճանապարհի մասին, ԵՄ-ում՝ «համաշխարհային դարպասի», ԱՄՆ-ում՝ «վերակառուցիր ավելի լավ», իսկ Չինաստանում՝ «Մեկ գուտի, մեկ ճանապարհ» ծրագրերի մասին։ Ո՞րն է Ձեր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն այդ ավելի լայն ցանցին։

Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։

Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել