Կան կասկածներ, որ Ադրբեջանը կարող է շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց․ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է թուրքական «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։

«Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։

Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։

Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։

Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել