Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ քննարկվում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը․ Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։

-Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։ Նայելով Հայաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում՝ տեսնում ենք, որ այն ընդլայնել է դաշնակիցների իր ցանցը՝ ավանդական դաշնակիցներից անցում նոր դաշնակիցների։ Որպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ի՞նչ հետագծով եք ցանկանում տանել ձեր երկիրը։

-Հիրավի, տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը։

-Խոսեցիք ԵՄ մասին. ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։

-Պատասխան. Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել