Երևանի ավագանին մարտի 12-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ 0010, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Հալաբյան 31/2, գրանցման համար՝ 264.140.02965):
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծում նշվում է, որ Երևանի ենթակայության «Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Երևան համայնքը, որին 100%-ով պատկանում են Ընկերության բաժնետոմսերը:
««Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ Ընկերության լուծարումը կստեղծի հնարավորություն քաղաքային գույքի արդյունավետ կառավարմանը և սպասարկմանը, աշխատակիցների թվաքանակի օպտիմալացմանը:
Նախատեսվում է Ընկերության աշխատակիցների տեղաբաշխումը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ենթակայության տակ, ինչը կստեղծի հնարավորություն աշխատանքների արդյունավետ իրականացման համար:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ընկերության հետագա գործունեությունը դառնում է ոչ նպատակահարմար: